կարևոր
25864 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-26 22:45

Փոխխոսնակի առաջադրումը ավելի շատ ձայներ ստացած ընդդիմադիր խմբակցությանն է. Իշխանությունն առհասարակ պետք է չանդրադառնա այդ թեմային

Փոխխոսնակի առաջադրումը ավելի շատ ձայներ ստացած ընդդիմադիր խմբակցությանն է. Իշխանությունն առհասարակ պետք է չանդրադառնա այդ թեմային

Ընդդիմադիր ուժի փոխխոսնակի հարցին իշխանության որևէ կերպ միջամտելը իր սահմանադրական կարգավիճակից կտրուկ շեղում է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է «Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը՝  անդրադառնալով ՔՊ-ից ընտրված պատգամավոր Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, որ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակը ոչ թե պետք է լինի «Հայաստան», այլ «Պատիվ ունեմ» դաշինքից։

«Սահմանադրությունը նախատեսում է ընդդիմադիր խոսնակի պաշտոնի տրամաբանություն, և դա պատահական չէ։ Դա ենթադրում է առավել շատ ձայներ ստացած ուժին դրա վերագրումը։ Այդպես է նաև մեր քաղաքական մշակույթը զարգացել խորհրդարանում, որովհետև փոխխոսնակ ունենալու տրամաբանությունը զսպումների և հակակշիռների ապահովումն է։ Ընդդիմադիր ավելի մեծ ուժը, բնականաբար, այդ լծակների իրականացման հնարավորությունն ավելի պատշաճ է ունենում, քան ավելի քիչ ձայն ստացածը։ Սա սահմանադրական պահանջի իրացում է, որն ունի տրամաբանություն։ Փոխխոսնակի առաջադրումը ավելի շատ ձայներ ստացած ընդդիմադիր խմբակցությանն է, և այդպիսինն է սահմանադրության տրամաբանությունը։ Իշխանությունը չպետք է դա որոշի, որովհետև դրանով գործընթացը խաթարվում է»,- ասել է Արամ Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանը բնական է համարել ընդդիմադիր ուժերի միջեւ խորհրդակցությունները, բայց առանց իշխող խմբակցության ուղղորդումների։

«Այդ կոնսուլտացիաների մեջ իշխանական մասնակցություն առհասարակ չի կարող լինել։ Այսինքն իշխանությո՞ւնը պետք է որոշի՝ ովքեր իրենց զսպեն և հակակշռեն։ Իշխանությունն առհասարակ պետք է չանդրադառնա այդ թեմային»,- նշել է Վարդևանյանը։

Արամ Վարդևանյանի խոսքով՝ Սահմանադրությունը չի նախատեսում, որ 3  փոխխոսնակներից 2-ը  պարտադիր պետք է լինեն իշխանությունից։

«Սահմանադրությունը նախատեսում է, որ մեկը պետք է լինի ընդդիմությունից, բայց դա էլ չի նշանակում, որ պարտադիր մյուս երկուսը պետք է լինեն իշխանությունից»,- պարզաբանել է Արամ Վարդևանյանը։