կարևոր
178 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-26 20:29

Մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է, իսկ դրա համար պետք է օգտագործենք մեր առավելությունը՝ մարդկային ռեսուրսը. նախագահը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի հետ

Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ճապոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Հանրապետության նախագահը մասնավորապես խոսել է Ճապոնիա այցի նպատակների, ուժեղ երկիր կառուցելու և այդ գործում սփյուռքի դերի, ինչպես նաև պատերազմի հետևանքների ու քաղած դասերի մասին:

«Պատերազմի հսկայական դժվարությունները կարող ենք նկարագրել մեկ բառով, որը կոչվում է ճգնաժամ: Ճգնաժամ է, քանի որ հազարավոր երիտասարդ կյանքեր ենք կորցրել, շատ երիտասարդներ կորցրել են իրենց առողջությունը, կա բարոյահոգեբանական ճգնաժամ է, քանի որ պատերազմում տանուլ տալը դժվար է հոգեբանորեն՝ մանավանդ մի ժողովրդի համար, որը սրանից 26 տարի առաջ պատերազմում հաղթել էր։ Պետք է սովորել ասել ճշմարտությունը՝ ինչքան էլ այն դառը լինի, քանի որ, երբ ճշմարտություն ես ասում, հաջորդ քայլով պետք է պատրաստ լինես խնդիրները լուծել: Լուծելը հեշտ չի լինելու, որովհետև տարիներ են պետք։

Մենք, ինչպես ցանկացած պետություն, հաջողության հասնելու միայն մեկ ձև ունենք՝ կառուցել իրական ուժեղ պետություն: Այսինքն՝ նախ ունենանք պետականության գաղափարը մեզնից յուրաքանչյուրի սրտում ու մտքում, լինենք պետականամետ մարդիկ: Ուժեղ պետություն նաև նշանակում է՝ պետություն, որը փոքր ռեսուրսներով կարողանում է մեծ հաջողության հասնել, այսինքն՝ կարգապահ է, ունի տեսլական, գիտի՝ ուր է գնում: Եվ քանի որ փոքր երկիր է՝ այդ տեսլականը սովորական չի կարող լինել, այն պետք է վերածվի առաքելության: Երբ փոքր ես, բոլոր ուժերդ պետք է կարողանաս համախմբել, որպեսզի հարվածիդ ուժը մեծ լինի: Փոքր պետությունը դա կարող է անել, և աշխարհում այդպիսի օրինակները բազմաթիվ են»,- հանդիպման ժամանակ նշել է նախագահ Սարգսյանը,- ասել է նախագահը։

Արմեն Սարգսյանն ընդգծել է, որ մեր ապագան ուժեղ Հայաստան կառուցելն է, իսկ դրա համար նախ և առաջ պետք է օգտագործել մեր առավելությունը՝ մարդկային ռեսուրսը: Խոսելով Սփյուռքի ներուժը հօգուտ երկրի զարգացման օգտագործելու կարևորության մասին՝ նախագահ Սարգսյանը դրա հիմնական ուղիներից մեկը համարել է սահմանադրական փոփոխությունները:

 «Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի ցանկացած հայ, անկախ նրանից, թե որտեղ է ապրում, հնարավորություն ունենա իր ցանկությամբ ծառայել հայրենիքին, և որևէ պատնեշ չպետք է լինի»: