Իշխանական մեկ այլ պատգամավորի, գործար Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանության գործով՝ մեղադրանք է առաջադրվել եւս մեկ անձի:
Վերջինը Ռոբերտ Սուքիասյանի եւ մի խումբ այլ անձանց հետ Երեւանի Ամիրյան փողոցում պարզաբանումներ ստանալու համար հանդիպել է Նարեկ Կարապետյանին: Նրանց միջեւ ծավալված խոսակցությունը վերածվել է վիճաբանության, որի ընթացքում 46-ամյա տղամարդը բռունցքով հարվածել է Նարեկ Կարապետյանին, ապա վերցրել է ատրճանակը եւ այն ուղղել Նարեկ Կարապետյանի ուղղությամբ ու փորձել է կրակել:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նշենք, որ քրեական գործի շրջանակում Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվել է, իսկ Նարեկ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, եւ որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը:
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցում: Հաղորդվել էր, որ հրազենային վիրավորում է ստացել Միացյալ Նահանգների քաղաքացիություն ունեցող մի տղամարդ: Միջադեպից հետո տեւական ժամանակ իրավապահները խուսափում էին նշել կրակողի անունը, ու միայն Խաչատուր Սուքիասյանի հայտարարույթունից հետո կալանավորել են նրա եղբորը։ Հակառակ նորընտիր պատգամավորի նման երեւույթները դատապարտող հայտարարության, ինչպես նախկինում է հաճախ եղել, հանրային, բարոյական պատասխանատվություն ոչ ոք դեռ չի կրել։
Ի դեպ, իշխանության մեկ այլ ներկայացուցչի՝ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին էլ Գորիսում մահափորձ կատարելուց հետո շարունակում է թաքնված մնալ, իսկ հայրը՝ առանց պատասխանատվության՝ պաշտոնավարել։