Ռուսաստանի մարմնամարզության հավաքականը, որի կազմում հանդես է գալիս հայազգի Արթուր Դալալոյանը, դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր:
Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի մարմնամարզության տղամարդկանց թիմային պայքարում Ռուսաստանի ընտրանին հավաքելով 262,500 միավորով դարձավ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Ռուսական հավաքականի կազմում ընդգրկված են Արթուր Դալալոյանը, Դենիս Աբլյազինը, Դավիդ Բելյավսկին և Նիկիտա Նագորնին: Երկրորդ տեղում Ճապոնիայի, իսկ երրորդում Չինաստանի ընտրանիներն են:
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում մեկնարկել է քառամյակի կամ հնգամյակի ամենակարևոր մարզական իրադարձությունը` 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Տոկիոյի Օլիմպիական խաղերում ընդգրկված են 33 մարզաձևեր, իսկ մրցումները կանցկացվեն 43 մարզադահլիճում, որոնցից 25-ն արդեն իսկ կային, 8-ը նոր են կառուցվել, իսկ 10-ը ժամանակավոր բնույթ են կրում:
Ընդհանուր հաշվարկով կխաղարկվի մեդալների 339 զույգ հավաքածո՝ 33-ով ավելի, քան Ռիո դե Ժանեյրոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում էր: Նախորդ Խաղերի համեմատ այստեղ ավելացել են կարատեն, սերֆինգը, ժայռամագլցումը և սքեյթբորդը: Տոկիոյի Օլիմպիական խաղերը, ընդհանուր առմամբ, արժեն 15,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Օլիմպիական այս խաղերը միակն են ամբողջ պատմության ընթացքում, որտեղ բացման արարողությանը երկրպագուներ ներկա չեղան:
Հուլիսի 27-ին ծանրամարտի կանանց 59 կգ քաշային կարգի B ենթախմբում իր ուժերը կչափի Իզաբելլա Յայլյանը (մրցման մեկնարկը` Երևանի ժամանակով 07:55):
Նույն օրը տղամարդկանց 100 մետր ազատ ոճում կմեկնարկի նաև լողորդ Արթուր Բարսեղյանը: Այս մրցումը կսկսվի Երևանի ժամանակով 14:00-ից:
Հուլիսի 28-ը լողորդ Վարսենիկ Մանուչարյանի մրցման օրն է: Նա ուժերը կչափի 50 մետր ազատ ոճում: Մրցումը կմեկնարկի 14:00-ին:
Հուլիսի 29-ին 75 կգ քաշային կարգում բռնցքամարտիկ Արման Դարչինյանը կփորձի դուրս գալ հաջորդ փուլ:
Հուլիսի 30-ին երկրորդ մեկնարկը կունենա լողորդ Արթուր Բարսեղյանը (50 մետր, ազատ ոճ): Պայքարը կսկսվի 14:00-ից:
Հուլիսի 31-ին բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը իր երկրորդ մենամարտը կանցկացնի: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 07:36-ին:
Օգոստոսի 1-ից պայքարի մեջ են մտնում հունա-հռոմեական ոճի ըմբիշները: 60 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից պայքարի մեջ մտնում է Արմեն Մելիքյանը: Գոտեմարտերը մեկնարկում են 06:00-ից:
Օգոստոսի 2-ին ըմբիշներ Կարապետ Չալյանը և Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում կսկսեն պայքարը մեդալների համար: Գոտեմարտերի սկիզբը 06:30-ն է: Եզրափակիչ դուրս գալու դեպքում նրանց գոտեմարտերը կկայանա օգոստոսի 3-ին:
Օգոստոսի 2-ին կկայանա նաև մարմնամարզության հենացատկերի եզրափակիչը, որտեղ հանդես կգա Արթուր Դավթյանը:
Օգոստոսի 3-ին ատլետ Լևոն Աղասյանը կմեկնարկի եռացատկում, իսկ ըմբիշ Կարեն Ասլանյանը 67 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից կսկսի պայքարը: Նույն օրը Երևանի ժամանակով 14:50-ից սկսած Օլիմպիական խաղերի չեմպիոնի կոչման պայքարի մեջ կմտնի Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ):
Օգոստոսի 4-ին ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը 57 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչից սկսում է պայքարը: Գոտեմարտերը մեկնարկում են Երևանի ժամանակով 11:30-ին: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 5-ին:
Օգոստոսի 6-ին Հայաստանի օլիմպիական թիմի վերջին մեկնարկը կլինի: 65 կգ քաշային կարգում 1/8 եզրափակիչից սկսած մեդալների համար կպայքարի Վազգեն Թևանյանը: Եզրափակիչը կկայանա օգոստոսի 7-ին: