կարևոր
1315 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-26 18:01

Դատարանը մերժեց Մանվել Փարամազյանի պաշտպանների բողոքը

Դատարանը մերժեց Մանվել Փարամազյանի պաշտպանների բողոքը

Առաջին ատյանի դատարանը մերժեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի պաշտպանների՝ դատավոր Արմեն Դանիելյանին ուղղված ինքնաբացարկի միջնորդությունը:

Պաշտպաններ Լուսիե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը մերժումից հետո դուրս եկան դատարանի դահլիճից։ Նրանք ավելի վաղ հայտարարել էին, որ եթե դատավորը մերժի ինքնացարակի միջնորդությունը, ապա իրենք չեն մասնակցի բողոքի քննությանը:

Նրանք նշել էին, որ դատարանի նախագահ Տիգրան Սարգսյանն իրավունք չուներ բողոքը մակագրել որեւէ դատավորի, առավել եւս Արմեն Դանիելյանին: 

«Եթե նույնիսկ կա անհաղթահարելի ուժ, ապա դատարանի նախագահն իրավունք չունի մակագրելու այն դատավորին, որին ինքը կցանկանա: Էնտեղ հստակ ամրագրված է, որ ըստ այբբենական կարգի է մակագրվում: Եթե այդպես նայելու լինենք, ապա պետք է օրինակ մակագրվեր Ազարյանին, ոչ թե Դանիելյանին»,-հայտնել է փաստաբան Լուսինե Սահակյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ (դատավոր Գագիկ Պողոսյան), Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է 2 ամսով:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախություն կազմակերպել) 3-րդ մասով, 311-րդ հոդվածի (Կաշառք ստանալը) 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասով: