կարևոր
14869 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-26 17:33

Դատարանը պարտավորեցրեց Արման Բաբաջանյանին ներողություն խնդրել ՀՅԴ-ից և կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից

Դատարանը պարտավորեցրեց Արման Բաբաջանյանին ներողություն խնդրել  ՀՅԴ-ից և կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից

Քիչ առաջ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ա.Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարեց ՀՅԴ կուսակցության հայցը: «Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը պարտավորվեց հրապարակային ներողություն խնդրել «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից և կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից, ինչպես նաև 1 դրամ փոխհատուցում վճարել:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը, Իշխան Սաղաթելյանը,  Աշոտ Սիմոնյանը, Սիմոն Սիմոնյանը, Շաղիկ Մարուխեանը, Արմենուհի Կյուրեղյանը, Լիլիթ Գալստյանը, Միքայել Մանուկյանը, Արթուր  Խաչատրյանը, Հակոբ Մաթիլյանը, Տարոն Տոնոյանը և Արծվիկ Մինասյանը՝ ի դեմս լիազոր ներկայացուցիչ Հայկուհի Սեդրակյանի, 08.01.2020թ.-ին հայցադիմում են ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Արման Բաբաջանյանի՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրելուն պարտավորեցնելու և փոխհատուցում վճարելու, զրպարտության համար փոխհատուցում վճարելու պահանջների մասին, որը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 17.01.2020թ. որոշմամբ ընդունվել է վարույթ։

Հայցվորները, դիմելով դատարան, հայտնել են, Բաբաջանյանը 06.12.2019թ. ելույթ է ունեցել ՀՀ Ազգային Ժողովում և իր ելույթի ընթացքում վիրավորական և զրպարտչական հայատարարություններ է արել ՀՅԴ կուսակցության և նրա անդամների հասցեին: Ելույթը կարելի է կարդալ ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում հետևյալ հղմամբ և դիտել:   

Արման Բաբաջանյանը ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից բազմահազար լսարանի առջև կուսակցության և նրա անդամների վերաբերյալ ներկայացրել է այնպիսի փաստական տվյալներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև արատավորում են կուսակցության, նրա անդամների բարի համբավը, պատիվը և արժանապատվությունը: Մասնավորապես, պատասխանողն իր ելույթում փորձ է կատարել Հայաստանի պատմության մեջ լրջագույն դերակատարում ունեցած կուսակցությունը ներկայացնել որպես ահաբեկչական խմբակ, որը իրականացրել է տարբեր ոճրագործություններ՝ այդ թվում ահաբեկչություն և թմրանյութերի ապօրինի շրջանառություն:

ՀՅԴ-ն դատարանին խնդրել էր պարտավորեցնել Արման Բաբաջանյանին վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել հայցվորներից և հայցվորներին վճարել խորհրդանշական 1 ՀՀ դրամ:

Դատարանն, ուսումնասիրելով հայցադիմումը և գործով ձեռք բերված ապացույցները, եկավ այն համոզման, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման՝ որպես պատճառաբանություն ընդունելով հայցվորների փաստարկները:

Դատարանը պարտավորցրեց Արման Շամիրի Բաբաջանյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրացուցային օրվա ընթացքում հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից` վիրավորական արտահայտությունների համար www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ պատասխանող Արման Բաբաջանյանին պատկանող պաշտոնական էջի (https:// www.facebook.com/babajanyana/) միջոցով ուղիղ եթեր դուրս գալու,
- ուղիղ եթերի ընթացքում հետևյալ տեքստով ներողություն խնդրելու`

«Հարգելի հետևորդներ,
06.12.2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից»,

- ուղիղ եթերի տեսանյութը «Ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, իչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից» վերնագրելու և
- ուղիղ եթերի տեսանյութը www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ պատասխանող Արման Բաբաջանյանին պատկանող պաշտոնական էջում (https://www.facebook.com/babajanyana/) պահպանելու եղանակով:

Իսկ www.facebook.com («Ֆեյսբուք») սոցիալական կայքի՝ պատասխանող Արման Բաբաջանյանին պատկանող պաշտոնական էջի միջոցով ներողություն խնդրելու անհնարինություն առաջանալու դեպքում պարտավորեցնել պատասխանողին սույն գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հինգ օրացուցային օրվա ընթացքում հրավիրել մամուլի ասուլիս առնվազն թվով չորս` ՀՀ ողջ տարածքում հեռարձակվող հեռուստատեսային ալիքների լրագրողների մասնակցությամբ և հետևյալ տեքստով ներողություն խնդրել`

«Հարգելի ներկաներ և ասուլիսին հետևողներ,
06.12.2019թ. ՀՀ Ազգային Ժողովի ամբիոնից «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության վերաբերյալ ունեցած ելույթումս տեղ գտած վիրավորական արտահայտությունների համար ներողություն եմ խնդրում «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունից, ինչպես նաև կուսակցության Գերագույն մարմնի բոլոր անդամներից»:

Պատասխանող Արման Շամիրի Բաբաջանյանից հօգուտ հայցվորներ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության, Իշխան Վաչիկի Սաղաթելյանի, Աշոտ Ժորայի Սիմոնյանի, Սիմոն Անդունի Սիմոնյանի, Շաղիկ Հրայրի Մարուխեանի, Արմենուհի Ստեփանի Կյուրեղյանի, Լիլիթ Սերյոժայի Գալստյանի, Միքայել Վաղինակի Մանուկյանի, Արթուր Լևոնի Խաչատրյանի, Հակոբ Աղասու Մաթիլյանի, Տարոն Արտաշի Տոնոյանի և Արծվիկ Գարեգինի Մինասյանի բռնագանձել 1 ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում:
Դատական ծախսերի հարցը համարել լուծված:

Սույն վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո և կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` հրապարակման պահից տասնհինգօրյա ժամկետում:
Վճիռը կամովին չկատարելու դեպքում այն կկատարվի դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ պարտապանի հաշվին: