կարևոր
352 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-26 15:25

Կոտայքի մարզում բացահայտվել են պետհամարանիշի շորթման դեպքեր

Կոտայքի մարզում բացահայտվել են պետհամարանիշի շորթման դեպքեր

2021 թվականի հունիսի 10-ին տարբեր ժամանակահատվածներում ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում Աբովյան քաղաքի երեք տարբեր բնակիչներ հաղորդել են, որ անհայտ անձը գաղտնի հափշտակել է իրենց պատկանող ավտոմեքենայի համարանիշները՝ հիշյալ ավտոմեքենաների վրա թողնելով «Telegram» հավելվածի «@hamar 555» գրառումը և դրանք վերադարձնելու դիմաց «Telegram» հավելվածի միջոցով պահանջել և ստացել է 150.000,  60․000 և 35․000 ՀՀ դրամ։ Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում հարուցվել են քրեական գործեր 182-րդ հոդվածի 1-ին մասով, որոնք ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Կատարված մեծածավալ, անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ վերոնշյալ հանցավոր արարքը կատարել է Երևան քաղաքի 27-ամյա բնակիչը:

Բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասով ։

Միջնորդություն է ներկայացվել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` մեղադրյալի նկատմամբ կալանավորումը, որպես խափանման միջոց կիրառելու մասին, որն ամբողջությամբ բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է։