Համացանցում առաջին անգամ հանրությանն է ներկայացվել 1993 թվականին Հայաստանի ու Արցախի միջև գաղտնի պայմանագրի կնքման առաջարկի տեսաձայնագրությունը, որը կատարվել է 1993թ. հունիսի 14-ին Ստեփանակերտում։ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Արցախի իշխանություններին առաջարկում է գաղտնի փաստաթուղթ ստորագրել երկու հայկական պետությունների միջև:
Գաղտնի պայմանագրով՝ Արցախը պետք է համաձայնվեր ԵԱՀԿ (նախկին ԵԱՀԽ) Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը, պարտավորվում էր ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի՝ իրեն վերաբերող բոլոր պահանջները և պատժել բոլոր նրանց, որոնք կխախտեին այդ պայմանավորվածության դրույթները՝ եթե անգամ նրանք լինեին Արցախի իշխանության ներկայացուցիչներ։
Պայմանագրով Հայաստանը պարտավորվում է ստանձնել խաղարարար ծրագրի կատարման և Արցախի բնակչության անվտանգության երաշխավորի դեր՝ ընդհուպ գործի դնելով իր բոլոր ռազմական հնարավորությունները։ Հայաստանը պատավորվում է նաև հետագա բանակցություններում բացառել Բերձորի (Լաչինի) շրջանն Ադրբեջանին զիջելու հնարավորությունը, ինչպես նաև ԼՂ զինված ուժերի ապառազմականացումն ու զինաթափմումը։
Պայմանագիրը ստորագրող կողմներն են ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը և ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Վերջինս նաև առաջարկում է որպես պատանդ 10 օր մնալ Ստեփանակերտում։
19972.-ին Հայաստանն արդեն կատարել էր գաղտնի պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները։ Նույն 1997-ին Արցախը հրաժարվեց ստորագրել կարգավորման վերոնշյալ տարբերակը։ Ճգնաժամը հանգեցրեց ՀՀ նախագահի հրաժարականին:
Տեսանյութին անդրադարձել է Արցախի Հանրապետության վարչապետի նախկին խորհրդական, «Վերածնված հայրենիք» ՀԿ-ի նախագահ Տարոն Հակոբյանը.
«1992թ. հունիսի 12 - ի Գորիսում ( ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը հրաժարվել է ստորագրել ՄԱԿ ԱԽ-ի 822-րդ բանաձևի իրագործման անհապաղ ժամանակացույցը և հեռացել ) անհաջող հանդիպումից հետո, 1993թ. հունիսի 14-ին, ՀՀ նախագահը հանդես եկավ ԼՂՀ իշխանություններին քննադատող հետևյալ հայտարարությամբ, ուր մասնավորապես ասվեց.
«ՀՀ-ն իր խորին մտահոգությունն է հայտնում վճռական պահին որոշում կայացնելու, պատասխանատվություն ստանձնելու հարցում ԼՂ իշխանությունների դրսևորած անկարողության, ինչպես նաև զինադադար հաստատելու բացառիկ պատեհությունը չիրագործելու համար ...»։
«Նույն օրը հունիսի 14-ին կեսօրից հետո, ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ուղղաթիռով հանկարծակի ժամանեց Ստեփանակերտ: Նա նաև իր հետ բերել էր կարևոր գաղտնի փաստաթղթի նախագիծ` կոչվում էր «Պայմանագիր ՀՀ և ԼՂՀ միջև»: Այն կազմվել էր ուղղաթիռում վերջինիս կողմից: Փաստաթուղը պետք է ստորագրեին ՀՀ նախագահ Լ. Տեր- Պետրոսյանը, ԼՂՀ ԳԽ նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը և Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
ՀՀ նախագահը «ԼՂՀ»-ի փոխարեն պայմանագրի նախագծում նշել էր «ԼՂ», սակայն հայրիկիս` ԼՂՀ ԳԽ-ի քարտուղար Վլադիկ Հակոբյանի միջամտությամբ այն վերափոխվեց «ԼՂՀ»-ի, ինչպես նաև՝ փոխվեցին պայմանագրի որոշ դրույթներ ։
Երկարատև պայքարից հետո, օտգագործելով հարմար պահը և լծակները, ՀՀ նախագահը կարողացավ ԼՂՀ- ում վերջնականապես կատարել իշխանափոխություն: ՀՀ նախագահը քաջ գիտակցում էր, որ ստիպողական և այլ ձևերով չէր կարող համոզել ԼՂՀ իշխանություններին` ստորագրել ՄԱԿ ԱԽ-ի 822-րդ բանաձևի իրագործման անհապաղ ժամանակացույցը, որով մեր զորքերը պետք է դուրս բերվեին Քարավաճառից:
Նա գիտեր նաև, որ փաստաթղթին դեմ էր ՀՅԴ-ն, որը ներքին կարգով կոչ էր արել նախագահության անդամներին` ամեն գնով բացասական վերաբերմունք ցույց տալ փաստաթղթին: Այդուհանդերձ, ժամանելով Արցախ, ՀՀ նախագահը կարողացավ խորամանկ քայլով հասնել իր նպատակին»,- գրել էր Տարոն Հակոբյանը։
Առաջին անգամ այդ առաջարկի մասին 2008թ. փետրվարին՝ ՀՀ նախագահական ընտրություններից երեք օր առաջ պատմել է նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ ասելով, որ այդկերպ Լևոն Տեր-Պետրոսյանը ճնշում էր գործադրում Արցախի իշխանությունների վրա՝ պահանջելով նրանցից Ադրբեջանին հանձնել Քարվաճառի շրջանը։ Տեր-Պետրոսյանի կողմից այդ պահանջը ԼՂՀ ղեկավար կազմին առաջին անգամ ներկայացվել է վերոնշյալ տեսագրությունից երկու օր առաջ՝ 1993թ.-ի հունիսի 12-ին Գորիսում։
Դեռևս 2009թ. փետրվարին լրագրող Գեղամ Բաղդասարյանը,որը այդ ժամանակ որպես ԼՂՀ ԱԺ պատգամավոր էր, գրել է.
«Այդ դժվարին ու տհաճ բանակցությունները, որի մի կողմում Տեր-Պետրոսյանն էր ու արցախցի իր համախոհները՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, մյուս կողմում ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության ՀՅԴ-ական ու ՀՅԴ-ամետ անդամները ու Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանն ու համախոհները, չէին ուզում ստորագրել փաստաթուղթը երկու պատճառով, նախ` համոզված չէին, թե դա ճիշտ քայլ է, և երկրորդ` ներքին միասնության բացակայության և առկա երկիշխանության պայմաններում դա քաղաքական ինքնաոչնչացում կլիներ»,- գրել է Բաղդասարյանը: