Սոչի քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի դասական առաջին պարտիայում Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Հայկ Մարտիրոսյանը մրցեց Իրանից Ամին Տաբատանաեի հետ:
Մարտիրոսյանը շարունակում է հաղթական շարքը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում:
Մարտիրոսյանը խաղում էր սև խաղաքարերով և պարտիայի 61-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Գրոսմայստերները ևս մեկ դասական պարտիա կանցկացնեն հուլիսի 26-ին:
Պայքարից դուրս են մնացել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը և Էլինա Դանիելյանը: Իսկ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոսմայստեր Լևոն Արոնյանն առհասարակ չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը առողջական խնդիրների պատճառով: Արոնյանն աշխարհի գործող գավաթակիրն է:
Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունն այս տարի անցկացվում է ռուսաստանյան Սոչի քաղաքում: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 206, իսկ կանանց մրցաշարին՝ 103 մասնակից: Այն կեզրափակվի օգոստոսի 6-ին:
Հուլիսի 26-ին տեղի կունենա երկրորդ դասական պարտիան։
Քառորդ եզրափակիչ դուրս գալու դեպքում, Հայկ Մ․ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի Վլադիմիր Ֆեդոսեեւ (2696, Ռուսաստան) - Վելիմիր Իվիչ (2581, Սերբիա) զույգի հաղթողը։
Հիշեցնենք, որ 2016թ. աշխարհի մինչեւ 16 տարեկանների չեմպիոն Հայկ Մ․ Մարտիրոսյանն առաջին շրջանում հաղթել էր զամբիացի Չիտումբո Մվալիին (2281), երկրորդ շրջանում՝ թուրք Մուստաֆա Յիլմազին (2630), երրորդ շրջանում՝ Ադրբեջանի հավաքականի առաջատար, համաշխարհային վարկանիշային աղյուսակը 6–րդ համար Շաքրիյար Մամեդյարովին (2770), չորրորդ շրջանում՝ խորվաթ Անտե Բրկիչին (2592)։