կարևոր
961 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-25 15:47

Հայե՛ր, յիշէ՛ք նուիրական այս օրը. այսօր ՀՅԴ որոշմամբ իրականացված Խանասորի արշավանքի 124-ամյակն է

Հայե՛ր, յիշէ՛ք նուիրական այս օրը. այսօր ՀՅԴ որոշմամբ իրականացված Խանասորի արշավանքի 124-ամյակն է

«Հայե՛ր, յիշէ՛ք նուիրական այս օրը՝ Յուլիս ամսի 25-ին կատարեցէ՛ք մեր տօնը»…

Այսօր Խանասորի արշավանքի 124-ամյակն է։ Արշավանքի նպատակը Աղբակի հայերին կոտորած և Վանից նահանջող հայերի վրա Գարահիսար լեռան լանջին ուխտադրժորեն հարձակված քրդական մազրիկ ցեղին պատժելն էր։ Մտքի հեղինակն արցախցի Նիկոլ Դումանն էր, որ Ատրպատականից հասավ մինչև Թիֆլիս՝ ՀՅԴ բյուրոյի առաջ հիմնավորելու առաջարկը։ Արցախի հայուհիների կողմից է նաև գործվել այդ արշավանքի դրոշը՝ «ՎՐԷ՜Ժ, ՎՐԷ՜Ժ» մակագրությամբ։ Արշավանքի հրամանատարը Նիկոլ Դումանի համերկրացի Վարդանն էր։ Ամեն ինչ իրականացվեց փայլուն ու նվազագույն կորուստներով՝ հաշվի առնելով լեռնային բարդագույն տեղանքը և ֆիդայիների կողմից պարսկաօսնանյան սահմանը հատելու հանգամանքը։ Ինչպես արշավանքին նվիրված երգում է ասվում՝ «մէկ ժամուայ մէջ մազրիկ ցեղը ջնջուեցավ, Խանասորայ կանաչ դաշտը կարմիր գոյնով ներկուեցաւ»։

1896-ի հունիսին, քուրդ Մազրիկ ցեղախումբը, սուլթան Աբդուլ Համիդի («Արյունոտ սուլթան»-ի) հրամանով, Վանի հայոց ինքնապաշտպանությունից հետո հարձակվել էր դեպի Պարսկաստան նահանջող անզեն մարտիկների վրա և կոտորել գրեթե բոլորին։ Հետագայում, Նիկոլ Դումանը առաջարկեց ՀՅԴ-ի զորախմբին վրեժխնդրություն կատարել և կազմակերպել արշավանք դեպի Խանասոր, որտեղ վրաններում ապրում էր քրդական Մազրիկ ցեղը։

1897 թ. հուլիսին ՀՅԴ կուսակցության բյուրոյի հանձնարարությամբ Հարություն Շահրիկյանը մեկնում է Սալմաստ, համաձայնեցնելու Խանասորի արշավանքի կազմակերպումը։

1897 թ. հուլիսի 25-ի արշալույսին 253 ֆիդայի Նիկոլ Դումանի, Խանասորա Վարդանի և Հովսեփ Արղությանի գլխավորությամբ անակնկալորեն հարձակվեց քրդական Մազրիկ ցեղի վրա։ Հայ մարտիկներին հաջողվեց կոտորել մազրիկ զինյալների մեծամասնությունը, սակայն հայերը խնայեցին կանանց ու երեխաներին։

Մազրիկ ցեղի հրամանատարը՝ Շարիֆ Բեկը փախավ մարտից։ Խուսափելով մազրիկ ցեղին օգնության հասած մեծաթիվ քրդական այլ ցեղերի հետ լայնածավալ բախումներից՝  ՀՅԴ արշավախումբը նահանջում է Պարսկաստան։ Արշավանքը ավարտվեց 1897-ի հուլիսի 27-ին։

Հայ հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ հիմնադիր Քրիստափոր Միքայելյանի նամակում ակնարկվում է 1896-1897 թթ. Ռայոնական ժողովի կողմից կայացված արշավանքի որոշման մասին, որը պատմության մեջ պիտի արձանագրվեր որպես հայ ֆիդայիների դավադիր կոտորածն իրականացրած քրդական Մազրիկ ցեղի արժանի պատիժը իրագործած Խանասորի արշավանք․

«Ընկե՛ր, ընկերնե՛ր, աչքի առաջ ունեցէ՛ք տարիներէ ի վեր այդ կողմի համար կազմակերպութեան զոհաբերութիւնները, աչքի առաջ ունեցէ՛ք հակառակ այդ զոհաբերութիւնների, պատրաստութիւնների անգործ անցնելը, աչքի առաջ ունեցէ՛ք այդքան անգործունէութեան` թէ՛ այլ ընկերների եւ թէ՛ ժողովուրդի մէջ թողած վատ տպաւորութիւնը, աչքի առաջ ունեցէ՛ք քաղաքականութեան կամ Արեւելյան հարցի ստացած սուր կերպարանքը ու Հայոց Հարցի մոռացութեան տրուելը:

Եւ վերջապէս աչքի առաջ ունեցէ՛ք այս տարուայ այսքան պատրաստութիւններն ու ըստ այնմ շարժեցէ՛ք, ձեր անձնական ու կազմակերպութեան վարկը, բարոյականը վերաբարձրացնելու, նոր անգործունէութիւն, նոր յուսախաբութիւն եւ մեծ պատասխանատվութիւն մեր ամէնուն վրայ չհրաւիրելու. ի սէրն Աստծո՜յ, ըրէ՛ք, փութացէ՛ք գործելու, ինչ որ Ընդհ. ժողովը որոշել է, ինչ որ ձեր խիղճը թելադրում է յանուն Յեղափոխութեան եւ Հայկական Սբ. Գործի. այլեւս թո՛ղ չլսուի, չկրկնուի հին երգը, թէ «մարդիկ չեկան, այսինչ նիւթը պակսեցավ, ձիւնը հալեցաւ, ջրերը շատցան եւն»,- ասված էր նամակում։

Արշավանքից հետո քրդերն սկսեցին զգուշանալ հայ ֆիդայիների հետ բախումներից, իսկ առանձին դեպքերում եղան նաև համագործակցության դեպքեր։ Արշավանքի ընթացքում 25 հայ զոհվել են, որոնց շարքերում էր նաև ՀՅԴ հիմնադիր՝ Ռոստոմի եղբայրը՝ Կարոն (Արիստակես Զորյան)։ ՀՅԴ-ն մինչ օրս տոնում է Խանասորի Արշավանքի հաղթանակի տարելիցը։