կարևոր
1465 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-25 13:18

Գեղարքունիքում վիրավորված զինծառայող Արման Աթասյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Գեղարքունիքում վիրավորված զինծառայող Արման Աթասյանի վիճակը ծայրահեղ ծանր է

Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս թշնամու կողմից վիրավորված ժամկետային զինծառյող Արման Աթեսյանի վիճակը ծայրահեղ ծանր է: ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը տեղեկացրել է, որ վնասվել է հաստ աղիքը, բարակ աղիքը, հեռացվել է ձախ երիկամը: 8 ժամ վիրահատությունից հետո առավոտյան ժամը 6-ին տեղափոխվել է կենտրոնական կլինիկական հոսպիտալ:

Այսօր արդեն Արման Աթասյանը գիտակցության է եկել: Վիճակը կայուն ծանր է: 

Հիշեցնենք, որ երեկ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2021թ. Հուլիսի 23-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Կութ համայնքի վարչական տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական հենակետում հերթապահություն իրականացնելիս, թշնամու հետ փոխհրաձգության հետևանքով, հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Արման Գուրգենի Աթասյանը, պայմանագրային զինծառայողներ՝ Լեռնիկ Հենրիկի Նավոյանը և Յուրիկ Աշոտի Օհանյանը: 

Երկու զինծառայողների վիճակը թեթև է, գնդակային վիրավորումներ են եղել ստորին վերջույթների, համապատասխան բժշկական օգնությունը ցուցաբերվել է, հուսով են՝ կարճ ժամանակ հետո շարք կվերադառնան:

Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից՝ ազգային, ռասայական, կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով՝  երկու և ավելի անձանց սպանության փորձի համար:

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 23-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հրազենային թեթև վիրավորվել է ՀՀ ԶՈՒ 3 զինծառայող: