կարևոր
436 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-24 18:20

Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքն արգելվել է. Ռոբերտ Հայրապետյանը գրավոր պարզաբանում է պահանջելու

Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքն արգելվել է. Ռոբերտ Հայրապետյանը գրավոր պարզաբանում է պահանջելու

Պարզ և ակնհայտ է, որ Սյունիքի համայնքապետերի և այն քաղաքացիների, ովքեր ապօրինի կերպով քաղաքական հետապնդման արդյունքում կալանավորված են, անգամ նրանց հանրային աջակցության դրսևորումը իշխանությունը չի կարողանում մարսել։ Այս մասին ասաց իրավաբան, «Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանը, անդրադառնալով այն փաստին, որ ոստիկանությունն այսօր արգելել է Սյունիքի կալանավորված համայնքապետերի ազատության համար ստորագրահավաքը։

Ռոբերտ Հայրապետյանի խոսքով՝ երեկ համապատասխան դիմումի հիման վրա Հյուսիսային պողոտայում ակցիա իրականացնելը ոստիկանությունը օրինական է համարել, և ավելին՝ զանգահարել էր ճշտելու՝ արդյոք ամեն ինչ նորմալ է, ունե՞ն օգնության կարիք, թե՞ ոչ։ Այսօր առավոտյան նույն բովանդակությամբ, նույն դիմումը, որտեղ փոխված է եղել միայն ամսաթիվը, ոստիկանության կողմից համարվել է անընդունելի։ 

«Ուզում եմ նշել, որ ստորագրահավաք կազմակերպելու համար որևէ իրավական ակտի, որևէ հոդվածի, որևէ նորմի, որևէ իրավադրույթ չի նախատեսում այս կամ այն պետական կամ պատկան մարմնից թույլտվություն։ Թեպետ, գիտակցելով, որ որևէ նորմ չկա ստորագրահավաք իրականացնելու համար և հաշվի առնելով ոստիկանության վարքագիծը վերջին շրջանում, մենք այնուամենայնիվ դիմել ենք և՛ քաղաքապետարան, և՛ ոստիկանություն, նշելով, որ իրականացնում ենք շտապ ստորագրահավաք։

Ոստիկանությունը, ըստ էության խոչընդոտեց, պարզ է, որ սա քաղաքական նպատակ է հետապնդում և երկուշաբթի օրը մենք ոստիկանությունից պահանջելու ենք գրավոր հիմնավորում, թե ինչ պատճառաբանությամբ հուլիսի 23-ին տեղի ունեցած գործողությունը ոստիկանությունը դիտարկել է օրենքի շրջանակում և հուլիսի 24-ին տեղի ունեցածը, նույն բովանդակությամբ դիմումի հիմքով, դիտում է ոչ օրինական։ Պատասխանը ստանալուց հետո բնականաբար քննության առարկա ենք դարձնելու ոստիկանության գործողությունների իրավաչափությունը»,- նշում է իրավաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։