կարևոր
460 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-24 16:31

Դուդուկը հայության գոյաբանական գործիքն է. Երևանում վերջին հրաժեշտն են տվել Ջիվան Գասպարյանին

Այսօր «Արամ Խաչատրյան» համերգասրահում վերջին հրաժեշտն են տվել մեծանուն արվեստագետ, Հայաստանի ժողովրդական արտիստ, դուդուկահար Ջիվան Գասպարյանին:

Հրաժեշտի արարողությանը ներկա են եղել մշակույթի, հասարակական եւ քաղաքական գործիչներ, հարազատներ:

ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Կամո Սեյրանյանի խոսքով` Ջիվան Գասպարյանից սովորել են բոլոր դուդուկահարները՝ թե անձամբ վարպետի, թե նրա ձայնագրությունների միջոցով.

«Հիշում եմ` առաջին անգամ վարպետին հանդիպեցի, երբ Կոնսերվատորիայում առաջին կուրսի ուսանող էի: Ազգային ռադիոյում դուդուկահարների մրցույթ էր կազմակերպվել և Ջիվան Գասպարյանը ժյուրիի նախագահն էր: Նա ինձ նկատողություն արեց, ասաց` «տղա ջան, երբ նվագում ես, ուշադրություն դարձրու քո մատերին, իսկ դու բոլորին ուշադիր նայում ես` ժյուրիի անդամներին,  ովքեր են նրանց կողքին նստած, բացի քո մատերից: Այդ տարիների ընթացքում մտերմացանք վարպետի հետ: Շատ հուզված եմ, մեծ արվեստագետ կորցրեց հայ ժողովուրդը: Բոլորիս և վարպետի ընտանիքին համբերություն եմ մաղթում»,- ասաց Սեյրանյանը:

Դուդուկահարին «Արամ Խաչատրյան» համերգասրահից դուրս են բերել ծափողջյունների ներքո:

Ջիվան Գասպարյանի աճյունը կամփոփվի Կոմիտասի անվան պանթեոնում: