կարևոր
2119 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-24 13:19

2,6 մլրդ եվրոյի անատոմիան կամ ձրի պանիրը միայն թակարդում է լինում. Վահե Դավթյան

2,6 մլրդ եվրոյի անատոմիան կամ ձրի պանիրը միայն թակարդում է լինում. Վահե Դավթյան

2,6 մլրդ եվրոյի անատոմիան: ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող 2,6 մլրդ եվրոն ոգևորեց շատերին՝ առիթ հանդիսանալով ապագայի մասին ամպագոռգոռ հայտարարություններ անելու համար: Սակայն բավական է ուսումնասիրել տրամադրվող գումարի կառուցվածքը՝ հասկանալու համար, որ ձրի պանիրը միայն թակարդում է լինում: Այս մասին գրել է քաղաքագետ Վահե Դավթյանը:

«Այսպես, 2,6 մլրդ եվրոյից 1,4 մլրդ-ը վարկային միջոցներ են: Հիշեցնեմ, որ 2020 թ. դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 8 մլրդ ԱՄՆ դոլար՝ կազմելով ՀՆԱ-ի 63,5%-ը: Հաշվի առնելով նաև այն, որ հայկական տնտեսության «աքիլլեսյան գարշապարը» շարունակում է մնալ պետական պարտքի ապարդյուն կառավարումը, պարզ է դառնում, որ դրա՝ 10 մլրդ ԱՄՆ դոլարին մոտեցնելը հղի է խորքային ճգնաժամով:

2,6 մլրդ եվրոյից մոտ 1 մլրդ-ը պետք է Հայաստան ուղղվի ներդրումների տեսքով: Ներդրումների արդյունավետության ապահովման համար հայկական կողմը պետք է տիտանական աշխատանք կատարի: Հաշվի առնելով գործող իշխանության անտի-տեխնոկրատ կեցվածքը՝ դժվար է պատկերացնել, որ այստեղ որևէ շոշափելի արդյունք կունենանք:

Մնացած 200 մլն եվրոն տրամադրվելու է դրամաշնորհի տեսքով՝ տարեկան 40 մլն եվրոյի չափով: Հիշեցնեմ, որ մինչև 2018 թ.-ը ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող դրամաշնորհը տարեկան կազմում էր 50 մլն եվրո:

Գումարենք այս ամենին ԵՄ կողմից ընտրվող եվրոպացի խորհրդատուների ու փորձագետների ահռելի մեծ հոնորարները, ու պատկերն ամբողջական է դառնում:

Սա ամենևին չի նշանակում, որ ԵՄ կողմից տրամադրվող միջոցները չեն կարող դրական արդյունքի հանգեցնել: Իհարկե, կարող են, սակայն միայն մի դեպքում՝ երբ միջոցներն ընդունող շահառու երկիրն ունի արդյունավետ ինտիտուտներ, տնտեսական երկարաժամկետ ռազմավարություն, տնտեսական զարգացման հստակ մոդել, պետական-մասնավոր կայուն ու արդյունավետ կապ»: