Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել եւ պահանջներ ներկայացնել Երևանի, Սևանա լճի և հատկապես Սյունիքի ուղղությամբ:
Առանց Սյունիքի, առանց աշխարհագրական Հայաստանի այս ողնաշարի՝ մեր պետականությունը ենթակա է ամբողջական փլուզման:
Սյունիքի հայության դիմադրողական ոգու հզորացումը, պանթուրանական ծրագրերը ձախողելը և Հայաստանի իշխանությունների պարտվողական քաղաքականության դեմ պայքարը ամբողջ հայ երիտասարդության, բայց մասնավորապես Սյունիքի հայ երիտասարդության պարտականությունն է:
Մեր ազգային գոյամարտի այս հանգրվանում, աշխարհասփյուռ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները զոաշարժի են ենթարկում իրենց բոլոր ուժերը, մտնում են պայքարի դաշտ ու մեկնարկում «Դեպի Սյունիք» ծրագիրը, որի շրջանակներում նախատեսվում է.
- Ներքաղաքական և միջազգային երիտասարդական հարթակների վրա քաղաքական, արտաքին հարաբերական և քարոզչական աշխատանք,
- Ազգային ոգին ամրապնդելու համար պատանեկան ճամբարների կազմակերպում,
- Սյունիքի երիտասարդության խնդիրների լուծման նվիրված ուսումնասիրությունների պատրաստում եւ խորհրդաժողովի կազմակերպում։
- Սյունիքի մեջ երիտասարդական կենտրոնների ստեղծում,
- Երիտասարդության մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացմանը միտված «Վերելք ծրագիրի» իրագործում։
- Սփյուռքի երիտասարդների հատուկ գործուղումներ:
Կոչ ենք ուղղում հանձնառու երիտասարդությանը մասնակից դառնալ մեր աշխատանքներին և ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»:
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական Գրասենյակ
Երեւան, 22 Հուլիս, 2021