կարևոր
1327 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-24 10:38

Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ Տոկիոյում. մրցմանը հետևել է ՀՀ նախագահը

Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ Տոկիոյում. մրցմանը հետևել է ՀՀ նախագահը

Տոկիոյում մեկնարկած օլիմպիական խաղերում հենացատկի որակավորման փուլում մարմնամարզիկ Արթուր Դավթյանը փայլուն հանդես եկավ: Երկու ցատկի հանրագումարով նա արժանացավ 14,866 գնահատականի:

Նա առայժմ լավագույնն է այդ մրցաձևում:

Նրա ելույթին տրիբունայից հետևում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Հիշեցնենք` ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը տեղի ունեցավ երեկ։

Այն մեկնարկեց անդրադարձով, թե ինչպես 2013 ՄՕԿ-ն ընտրեց հենց Տոկիոն, որպես 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հյուրընկալող քաղաք: Հաջորդիվ մարզադաշտ եկան Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի կայսր Նարուհիտոն, ապա ստադիոն բերվեցին Ճապոնիայի դրոշը:

Արարողության ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգեցին կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում մահացածների, ինչպես նաև Օլիմպիական խաղերի ամբողջ պատմության ընթացքում զոհվածների հիշատակը:

Հանդիսավոր արարողության ժամանակ ներկայացվեց 1964 թվականի խաղերից սկսած մինչև մեր օրեր Օլիմպիական խաղերի պատմությունը: Ապա` սկսվեց պատվիրակությունների երթը, որին մասնակցեց 207 երկրի ներկայացուցիչ:

Հայաստանի հավաքականի կազմում դրոշակակիրներն էին բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը և լողորդ Վարսենիկ Մանուչարյանը: Շքերթին մասնակցեցին բռնցքամարտիկներ Կորյուն Սողոմոնյանը, Արման Դարչինյանը, ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը, լողորդ Արթուր Բարսեղյանը, ծանրորդ Իզաբելա Յայլյանն, ծանրամարտի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը և այլ մարզիչներ: 

Լուսանկարները՝ Sputnik-ի: