կարևոր
955 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-23 20:20

Ընդամենը մեկդարյա պատմություն ունեցող երկրի նախագահը կրկնում է այն կեղծ թեզը, թե իբր Զանգեզուրն ադրբեջանական է. ՏԵՍԱՆՅՈւԹ

Իլհամ Ալիեւը նորից խոսում է իր պատկերացրած պատմության մասին:

Ադրբեջանի պետական հեռուստատեսության եթերում ընդամենը մեկդարյա պատմություն ունեցող երկրի ղեկավարը կրկնում է իր կեղծ այն թեզը, թե իբր Զանգեզուրն ադրբեջանական է, ու այդպիսով ադրբեջանցի զինվորականներն իրենց տարածքում են: Ալիեւին զայրացրել է Եվրոպական խորհրդի նախագահի՝ Երեւանում արած հայտարարությունը: Շառլ Միշելը վիճահարույց էր որակել լարվածության կենտրոնում հայտնված սահմանամերձ տարածքները: Եվրոպական խորհրդի նախագահի կարծիքով վիճելի, Ադրբեջանի նախագահի պատկերացմամբ՝ ադրբեջանական, իսկ իրականում ինքնիշխան Հայաստանի պատմական այդ տարածքներ ադրբեջանցի զինծառայողները ներխուժել ու ապօրինաբար դիրքավորվել են արդեն 2 ամիսից ավելի:

Եվրամիությունից Բաքվի դժգոհություններն այսքանով չեն սահմանափակվում: Ալիեւը նեղսրտել է, որ Եվրամիությունը նախատեսում է Ադրբեջանին ընդամենը 150 միլիոն եվրո հատկացնել, այն էլ անհասկանալի է՝ երբ եւ ինչ պայմաններով, մինչդեռ Հայաստանին խոստացել է 2.6 միլիարդ եվրո: Ալիեւն ասում է՝ հարցը բարձրացրել է Բաքվում Շառլ Միշելի հետ հանդիպմանը ու ստացել հետեւյալ պատասխանը՝ Ադրբեջանին նման ռեսուրսներ պետք չեն: Ալիեւի կարծիքով՝ սա անարդար է, մեղքն էլ նորից բարդում է հայերի վրա՝ իրեն բնորոշ բառապաշարով:

Այս հարցազրույցից 2 օր առաջ Ալիեւը Մոսկվայում էր: Նախ գլուխ է գովում, որ Պուտինի հետ մոտ է, ու մեկը մյուսին վստահում են: Հետո պատմում է, որ Ռուսաստանի նախագահի հետ քննարկել է հետպատերազմական իրավիճակը, նաեւ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին» վերաբերող հարցեր:

Ալիեւը բողոքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ֆրանսիայի ու Միացյալ Նահանգների դիրքորոշումից, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով: Ջղաձգվում է՝ կրկնելով, թե Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր չկա, կարգավիճակի հարց չկա: Եվ Ալիեւի մտավախություններից: Բաքվի բռնապետը հերթական անգամ ասում է, որ Հայաստանում չպետք է թույլատրվեն ռեւանշիստական դրսեւորումները, այսուհետ տարածաշրջանում պետք է խաղաղություն տիրի: Բաց խաղաղասերի դերը երկար խաղալ Ալիեւին չի հաջողվում: Հարցազրույցի վերջում նորից սպառնում է հայերին՝ ասելով, թե Հայաստանը պետք է ընդունի նոր իրողությունները ու երբեք չմոռանա երկաթե բռունցքի մասին:

Մանրամասները՝ Մարին Մելիքսեթյանի տեսանյութում։