Վերաքննիչ դատարանի համակարգչի «առգրավումը» տվեց սպասելի արդյունքը. Մանվել Փարամազյանի կալանավորման դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է վաղուց դատավորի երդման մասին մոռացած, օրվա իշխանություններին երդում տված Արմեն Դանիելյանին։ Այս մասին գրել է Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Դատական նիստը նշանակվել է հուլիսի 26-ին ժամը 15.00:
Փաստորեն որոշում է կայացվել զրկել Մանվել Փարամազյանին իր կալանավորման օրինականության ու հիմնավորվածության հարցը ԴԱՏԱՐԱՆԻ առջև բարձրացնելու իրավունքից։
Քանի իշխանափախություն էլ տեղի ունենա Հայաստանում, ապագա չի լինի այնքան ժամանակ, քանի դեռ արմենդանիելյաններին դատավորի աթոռին նստած թողնող և նրան օգտագործող իշխանություն կա»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 11.15-ին, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամուզյանը Քաջարան քաղաքից բերման էր ենթարկվել Երևան՝ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտ: Հուլիսի 10-ին դատարանը բավարարեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը։ Փարամազյանը կալանավորվեց երկու ամիս ժամկետով։
Փարամազյանի փաստաբան Լուսինե Սահակյանը հայտնել էր, որ Քննչական դեպարտամենտ Մանվել Փարամազյանը ներկայացվել է արդեն հուլիսի 9-ին՝ ժամը 01.24-ին, երբ և կազմվել է նրան ձերբակալելու մասին արձանագրությունը:
Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է», - նշել էր փաստաբանը։