Բաքվի դատարանն ավարտել է շինծու մեղադրանքներով հարուցված քրեական գործերով 13 հայ ռազմագերու դատավարությունը: Ինչպես տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6-ական տարվա ազատազրկման է դատապարտել 13 հայ ռազմագերու։ Նշվում է, որ բանտարկության ժամկետի ավարտից հետո նրանք պետք է արտաքսվեն Ադրբեջանի սահմաններից դուրս։
Հայ ռազմագերիներն են՝ Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Գուրգեն Հովհաննեսի Գոլոյանը, Հրայր Սերյոժայի Թադևոսյանը, Վաղարշակ Մերուժանի Մալոյանը, Սասուն Սեյրանի Եղիազարյանը, Արսեն Արայիկի Վարդանյանը, Վահագն Էդիկի Բահրիկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Արման Վազգենի Դիլանյանը, Մանուկ Հովհաննեսի Մարտոյանը, Մելս Կարապետի Ամբարդանյանը, Անդրանիկ Վազգենի Միքայելյանը և Ֆելիքս Արշակի Գրիգորյանը:
Հայ ռազմագերիները մեղադրվում են մի շարք ծանր հանցագործություններ կատարելու մեջ` «ապօրինի զենք և զինամթերք ձեռք բերելը, ապօրինի զինված խմբավորում կազմավորելը և այլն»:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ հուլիսի 22-ին, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը 6 տարվա ազատազրկման էր դատապարտել ևս 13 հայ ռազմագերու: