Այսօր՝ հուլիսի 23-ին, լրանում է Արցախի Ակնա քաղաքի (Աղդամ) ազատագրման 28-ամյակը։ Քաղաքն ազատագրվեց, իսկ արցախցիները կարողացան հանգիստ շունչ քաշել տասնամյակներով իրենց անհարմարություն պատճառած ադրբեջանցիներից։
Շուշիի ազատագրումից հետո 1993թ. կարևորագույն ռազմավարական քայլն Ակնայի ռազմական հենակետերի ոչնչացումն ու Ակնայի ազատագրումն էր իր հարակից բնակավայրերով:
1993 թվականի հուլիսի 4-ին հայկական ուժերն սկսեցին Ակնայի ազատագրման գործողությունը, իսկ հուլիսի 23-ին Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումները մտան Ակնա՝ հայկական պատմական այդ հողակտորը, որտեղ 2000 տարի առաջ հայոց թագավոր Տիգրան Մեծը կառուցել է Տիգրանակերտ քաղաքը։
1993 թ. հուլիսի 23-ին Ակնայիի ազատագրման գործողությունը ղեկավարել են Ասկերանի պաշտպանական շրջան (հրամանատար Վիտալի Բալասանյան), 35-րդ գումարտակ (Արշավիր Ղարամյան), 71-րդ առանձին մոտոհրաձգային գումարտակ, Խանաբադի վաշտ (Սանասար Ծատրյան), հետախուզական խումբ (Զորեն Ղազարյան), Կենտրոնական պաշտպանական շրջան (Սամվել Կարապետյան), Մարտունու պաշտպանական շրջանի երկու ստորաբաժանումներ (Նելսոն Սողոմոնյան, Մովսես Հակոբյան):
Ակնայի ռազմական գործողության արդյունքում վերացվել է Ստեփանակերտի, Ասկերանի և շրջակա գյուղերի վրա հեռահար հրանոթներից և հրետանային այլ միջոցներից հրետակոծությունների վտանգը։ Հակառակորդին հասցվել է ռազմական և բարոյահոգեբանական հարված։ Ռազմական հենակետի վնասազերծումով կաթվածահար է եղել Արցախի Հանրապետության արևելյան և հարավային սահմանների երկայնքով ադրբեջանական կենտրոնացված խմբավորումների գործողությունը և թիկունքային ապահովումը։
Ադրբեջանի ղեկավարությունը կրակի դադարեցման խնդրանքով հուլիսի 23-ին դիմել է Արցախի Հանրապետության իշխանություններին։ Արդյունքում երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիսի 25-ին ժամը 12։00-ից մինչև հուլիսի 28-ը դադարեցնել կրակը։ 1993 թվականի հուլիսի 28-ին Մարտակերտի և Միրբաշիրի սահմանագլխին հանդիպել են Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները և պայմանավորվել 7 օրով երկարաձգել հրադադարը, փոխանակել պատանդներին ու գերիներին։ Սակայն հաջորդ օրը ադրբեջանը հրաժարվել է իր ստանձնած պարտավորություններից։ Կրակը դադարեցվել է միայն 1994 թվականի կնքված զինադադարից հետո և հիմնականում պահպանվում է մինչ 2020թ. սեպտեմբերի 27-ը։
Ցավոք, 27 տարի անց՝ 2020 թ. նոյեմբերի 20-ին, ՀՀ ներկայիս կապիտուլյացիոն իշխանությունների ձեռքով հանձնվեց Ակնայի ամբողջ շրջանը, որը 44 օրվա ընթացքում թշնամին չէր հաջողել օկուպացնել:
Ակնայի շրջանի հանձնումով թշնամուն մնացին ոչ միայն ռազմավարական, այլև պատմամշակութային վայրեր (Տիգրանակերտի հնավայր, Վանքասար), ինչպես նաև Ստեփանակերտը Մարտակերտին կապող ճանապարհը։ Ներկայումս Արցախի երկու քաղաքներից մեկից մյուսը հասնելու համար անհրաժեշտ է արդեն ավելի քան երկու անգամ երկարացնել ճանապարհը։