Այսօր կայացել է Ռուսաստանի նախագահի եւ Նիկոլ Փաշինյանի հերթական հեռախոսազրույցը։ Նախաձեռնողը եղել է հայկական կողմը։ Եվ հենց հայկական կողմի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հանգամանալից քննարկվել է տարածաշրջանին վերաբերող եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Անդրադարձ է կատարվել նոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին եւ տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը:
Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաեւ տնտեսության եւ պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ եւ հեռանկարային հարցերը: Տարածաշրջանում տիրող իրավիճակի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության եւ կայունության պահպանության առումով Ռուսաստանի առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարեւորությունը:
Իսկ ռուսական պաշտոնական հաղորդագրությունը շատ ավելի հակիրճ է։ Տեքստում առկա են միայն կոմունիկացիաների բացման, Արցախի հարցի շուրջ քննարկումների եւ միջպետական կապերի մասին կարճ նախադասություններ։
Հատկանշական է, որ Փաշինյանը օրերս էր հանդիպել Պուտինի հետ, ու հիմա նաեւ կրկին հեռախոսազրույց է ունենում։ Իսկ 2 օր առաջ Մոսկվայում էր Ադրբեջանի նախագահը։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում չկա հիշատակում, որ հայ-ադրբեջանական սահմանային վերջին իրադարձություններին այս հեռախոսազրույցի ընթացքում որեւիցե անդրադարձ կատարվել է: