կարևոր
580 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-22 19:38

Ռուսական կողմը մի շարք փաստաթղթեր է նախապատրաստել, որոնք հայ-ադրբեջանական քննարկումները կառուցողական կդարձնեն. Զախարովա. ՏԵՍԱՆՅՈւԹ

Մենք մտահոգությամբ ենք ընդունում ադրբեջանա-հայկական սահմանի առանձին հատվածներում լարվածության աճի ցանկացած դրսևորում: Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եվ, իհարկե, դա ծայրաստիճան բացասաբար է անդրադառնում տարածաշրջանային իրավիճակի վրա և չի նպաստում Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը՝ երկու երկրների բնակչության շրջանում չհիմնավորված կորուստների պատճառ դառնալով»,-հայտարարել է Զախարովան:

Նա ցավակցություն է հայտնել նաև երկու երկրների սահմանին հայ զինվորականի մահվան կապակցությամբ և մաղթել է շուտափույթ ապաքինում բոլոր տուժածներին: «Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները շուտափույթ կմեկնարկեն և պատրաստ է օգնություն ցուցաբերել»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի  միջև սահմանի սահմանազատման աշխատանքների անհապաղ մեկնարկը կարող է ապահովել կայունություն։
Նրա փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է աջակցել այդ հարցում, այդ թվում՝ քարտեղագրական աշխատանքներում։ Այս համատեքստում Զախարովան տեղեկացրել է, որ ռուսական կողմը պատրաստել է մի շարք փաստաթղթեր, որոնք կարող են կառուցողական քննարկման առարկա դառնալ։

«Ներկայումս այս թեմայի շուրջ շփումները շարունակվում են արտաքին քաղաքականության, պաշտպանության գերատեսչությունների, ինչպես նաև երեք երկրների սահմանային ծառայությունների միջոցով»,-հայտնել է նա: