կարևոր
24799 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-22 17:51

«Հայաստան» դաշինքը արձագանքել է Փաշինյանի շնորհավորանքին

«Հայաստան» դաշինքը արձագանքել է Փաշինյանի շնորհավորանքին

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին խորհրդարան անցնելու առիթով:

«Հայաստան» դաշինքը չի պատրաստվում ի պատասխան շնորհավորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրություններում հաղթելու առիթով, առավել ևս՝ համագործակցել։ Ատելության խոսքը քաղաքական մշակույթ բերել է Նիկոլ Փաշինյանը, բռնության կոչեր երեք տարի շարունակ արել է հենց ինքը, կարծում եմ՝ հիշում եք՝ «ասֆալտին կփռեմ», «թաթիկները կջարդեմ», ինքն էր մուրճը վերցրել ու ընկել փողոցները, հետևաբար, ինքը պետք է սկսի իրենից ու այդ կոչի իրական հասցեատերը հենց ինքն է», - այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասել է «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Ինչ վերաբերում է իշխանության հետ համագործակցությանը, Սաղաթելյանն ասել է՝ եթե իշխանությանը թվում է, որ կարող են իրենց ընկերներին ձերբակալել, իրենց համակիրներին, աջակիցներին հետապնդել, ճնշումների ենթարկել ու մտածել, որ կարող են համագործակցության եզրեր գտնել, սխալվում են։

«Այսօր մեր պատգամավորներից երկու հոգի, ըստ էության, առևանգված են ու գտնվում են կալանքի տակ՝ Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանն ու Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, մեր մյուս քաղաքապետերը՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն ու Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, գտնվում են ապօրինի կալանքի տակ, ինչի՞ց են խոսում էլի, սա այն շարքից է՝ մի բան ասենք, անենք ամբողջությամբ ուրիշ բան։ Այս իրավիճակում, այս մթնոլորտում ո՞նց եք համագործակցություն պատկերացնում», - նշել է «Հայաստան» դաշինքի անդամը։

Սաղաթելյանը բացառել է, որ իրենք էլ կշնորհավորեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ԱԺ անցնելու առիթով։

«Մենք գտնում ենք, որ ընտրություններն անցել են համատարած խախտումներով, ճնշումներով, վարչական լծակի օգտագործմամբ, այս ճանապարհով ընտրված, ընտրություններից առաջ ու հետո շարունակ բռնություններ գործադրող իշխանությանը մենք չենք կարող շնորհավորել», - նշել է նա։

Իշխան Սաղաթելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ասածները հերթական շոուն են՝ դրսին ցույց տալու, որ իշխանությունն իրեն բարձր է պահում։

«Բայց, իրականում, տեսնում եք, թե իշխանությունը տակից ինչեր է անում», - նշել է ՀՅԴ ԳՄ անդամը։

Նա հայտնել է, որ Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» դաշինքի հետ համագործակցության եզրեր տեսնում են։ 

«Կարծում ենք, որ ընդդիմությունը լավ հնարավորություն ունի խորհրդարանում միասնական ճակատով հանդես գալու», - ասել է Սաղաթելյանը։

Քննարկվե՞լ է Ազգային ժողովում փոխնախագահի ընտրության հարցը, Սաղաթելյանը պատասխանել է, որ այդ հարցը երկրի առջև կանգնած խնդիրների ու օրակարգի մեջ ամենաերկրորդական հարցերից է, սակայն վստահեցրեց՝ «Պատիվ ունեմ»-ի հետ կքննարկեն ու համաձայնության կգան։