Հուլիսի 22-ին տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է 2021 թվականի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) հերթական ընտրությունների քվեարկության օրերը:
«2020-ի սեպտեմբերի 23-ին որոշում ընդունելով՝ ԿԸՀ-ն չէր կարող կանխատեսել, որ 2021-ի հունիսի 20-ին տեղի կունենան ԱԺ արտահերթ ընտրություններ, որն ըստ էության փոխել է հանգամանքներ: ԿԸՀ-ն առաջարկում է որոշման նախագիծ՝ վերանայելով սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 17-ին նշանակված ՏԻՄ մարմինների ընտրությունների քվեարկությունների օրերը: Պատճառն այն է, որ ունենք նորընտիր ԱԺ, որտեղ երկու նոր խմբակցություն է անցել, որոնք ունեն պարտավորություն և իրավունք ՏԻՄ ընտրություններում նշանակելու տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ:
Կարծում եմ՝ ԿԸՀ-ն պարտավոր է նրանց համար կազմակերպել լիցենզավորման դասընթացներ, և այնպիսի ժամկետներ պիտի լինեն, որպեսզի այդ խմբակցությունները կարողանան հայտեր ներկայացնել ԿԸՀ, այնուհետև ԿԸՀ-ն հասցնի կազմակերպել նրանց համար դասընթացներ, որ կարողանան իրենց իրավունքն օգտագործել և տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակել: Կազմակերպչական այլ բնույթի խնդիրներ պիտի ևս լուծի ԿԸՀ-ն, որ կարողանա պատշաճ կազմակերպել ՏԻՄ ընտրությունները, որոնք ամենամեծ ՏԻՄ ընտրություններն են, որոնք երբևէ տեղի են ունենում: Կապված այդ հանգամանքի հետ ԿԸՀ-ին է ներկայացվել որոշման նախագիծ՝ ըստ որի` նշված որոշման մեջ փոփոխություն կկրեն սեպտեմբերի 26 և հոկտեմբերի 17 բառերը՝ դառնալով հոկտեմբերի 17 և նոյեմբերի 14»,-հայտնել է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:
Հիշեցնենք, որ ԿԸՀ նիստում հայտարարել է նաև Աժ պատգամավորների անունները և նիստի առաջին օրը: