կարևոր
952 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-22 17:22

Կալանավորված թեկնածուները իրավունք ունեն իրականացնելու իրենց պատգամավորական գործունեությունը. Տիգրան Մուկուչյան

Կալանավորված թեկնածուները իրավունք ունեն իրականացնելու իրենց պատգամավորական գործունեությունը. Տիգրան Մուկուչյան

Կայացել է Ազգային ժողովի պատգամավորների մանդատների տրամադրման իրավական գործընթացը: Այս մասին ԿԸՀ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատների հանձնման արձանագրությունը կազմել է, իսկ հանձնումը որպես տեխնիկական գործընթաց, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, կանոնակարգում չունի. թե ինչ եղանակով կլինի այն, դեռևս քննարկման փուլում է, առաջիկայում կիրազեկեն հրապարակավ:

Այն հարցին, թե արդյոք կալանավորված պատգամավորները, մասնավորապես, «Հայաստան» դաշինքի անդամներ Արթուր Սարգսյանն (Սիսիանի համայնքապետ) ու Մխիթար Զաքարյանը (Մեղրիի նախկին համայնքապետ) կստանա՞ն մանդատ, Տիգրան Մուկուչյանը պատասխանել է, որ դա խոչընդոտ չէ.

«Արձանագրության կազման ընթացքում ընթերցվել են նաև նրանց անունները, իսկ դա նշանակում է, որ իրավունք ունեն իրականացնելու իրենց պատգամավորական գործունեությունը, իսկ դրա ձևերն ու եղանակներն արդեն կարգավորվում են այլ օրենսդրությամբ»:

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչել է ապօրինի, սակայն նա կալանավորվել է 2 ամսով՝ հուլիսի 13-ին։ Իսկ Երևանի առաջին ատյանի դատարանը Արթուր Սարգսյանի ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ, բայց բավարարել է քննիչի՝ նրան կալանավորելու միջնորդությունը՝ հուլիսի 17-ին։