կարևոր
679 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-22 16:35

Փաշինյանը նման ելույթից առաջ պետք է աներ երկու քայլ. Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը նման ելույթից առաջ պետք է աներ երկու քայլ. Իշխան Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում շնորհավորել է ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին` խորհրդարան անցնելու առթիվ և կառուցողական աշխատանքի կոչ արեց:

Hraparak.am-ը հետաքրքրվել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանից, թե շնորհակալություն հայտնելո՞ւ են Փաշինյանին իրենց շնորհավորելու համար, կամ ո՞րն է իրենց արձագանքը այդ շնորհավորանքին:

«Շնորհավորանքի արձագանքելու խնդիր չկա, որովհետև մենք ասել ենք, որ այս ընտրությունների արդյունքների հետ համաձայն չենք, և այս իշխանությունը, ըստ էության, վերարտադրվել է՝ օգտագործելով իր վարչական ռեսուրսները, բազմաթիվ ընտրակեղծիքների դեպքեր, համատարած բռնաճնշումներ, որը նաև շարունակվում է մինչ այս պահը»,-ասել է Սաղաթելյանը:

 -Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում խոսեց նաև համագործակցային, ատելության խոսքից, բռնության խոսույթից, վիրավորանքից, արժանապատվությունը նվաստացնող բառապաշարից զերծ աշխատանքի մասին ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի հետ: Ինչպիսի՞ն է Ձեր արձագանքը սրան:

- Նախ պետք է արձանագրել, որ ատելության խոսքը քաղաքական դաշտ ներմուծել է վարչապետի պաշտոնակատարը: Անցնող երեք տարիներին շարունակական բռնության կոչեր հնչեցրել է հենց ինքը՝ փռեմ ասֆալտին, թաթիկներդ կտրեմ և այլն, ինքն էր մուրճը վերցրել և ընկել փողոցները, ինքն էր հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների: Հետևաբար՝ պետք է սկսի հենց իրենից, և այդ ամենի հասցեատերը մենք չենք: Մենք միշտ էլ դեմ ենք եղել ատելության խոսքի տարածմանն ու անցնող երեք տարիներին մշտապես խոսել ենք դրա կործանարար հետևանքների մասին: 

-Նա նաև հայտարարեց , որ իր կուսակցությունը ԱԺ-ում և դրանից դուրս տրամադրված է կառուցողական, փոխադարձ հարգանքի վրա հիմնված աշխատանքի, կարելի է ասել՝ Փաշինյանն ընդդիմությանը հաշտության ձեռք է մեկնում, դուք պատրա՞ստ եք սեղմել այդ ձեռքը:

-Այս իմաստով՝ նրա այդ հայտարարությունն այն շարքից է, որ ասել մի բան, անել ամբողջովին մեկ այլ բան: Եթե իրենց թվում է, որ կարող են մեր ընկերներին առևանգել, մեր համակիրներին, աջակիցներին ձերբակալել, ճնշել, Արցախի մեծագույն մասը հանձնել թշնամուն, երկիրը կանգնեցնել աղետի եզրին ու գալ մեզ հետ խոսել կառուցողական հարաբերություններից, չարաչար սխալվում են: Այս պահին մեր ֆրակցիայի երկու պատգամավոր, ըստ էության, առևանգված է: Մյուս երկու քաղաքապետերը՝ Առուշ Առուշանյանն ու Մանվել Փարամազյանը, ինչպես և դաշինքի մի շարք այլ անդամներ ու համակիրներ, կամ ձերբակալված են, կամ հետապնդվում են իրավապահ մարմինների կողմից: Ուստի, Նիկոլ Փաշինյանը նման ելույթից առաջ պետք է աներ երկու քայլ՝ ազատ արձակեր բոլորին և դադարեցներ բռնաճնշումները, փակեր սոցցանցի՝ իր կամ իրեն սատարող օլիգարխների կողմից  ֆինանսավորվող կեղծ էջերը, հրատապ կարգով փակեր նաև բոլոր այն անհայտ ու հայտնի կայքերն ու յութուբյան ալիքները, որոնք ամեն րոպե տարածում են բացարձակ կեղծ, մոլորեցնող ու պառակտիչ նյութեր: Բնականաբար, վերը թվարկվածը չի կարող կատարել այսօրվա ելույթի հեղինակը, քանի որ իր իշխանության հիմքերում ընկած է հենց այդ ամենը: