կարևոր
514 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-22 13:55

Երեկ գիշեր Երևանում իրականացված խուզարկումների վերաբերյալ Ոստիկանությունը մանրամասնում է

Երեկ գիշեր Երևանում իրականացված խուզարկումների վերաբերյալ Ոստիկանությունը մանրամասնում է

Երեկ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանները կանգնեցնում էին մեքենաները, խուզարկում։

Դիմակավորված զինված ուժայինները ստուգում էին բոլոր մեքենաներն ու մարդկանց։ Ստուգում էին փաստաթղթերը, բացում մեքենաների բեռնախցիկները։ Սոցցանցերում տարբեր վարկածներ էին առաջադրում. Ոստիկանությունը պարզապես նշում էր, որ ուժեղացված ծառայություն են իրականացնում:

Այսօր միայն հաղորդագրություն են տարածել հուլիսի 21-ի երեկոյան Երևանում ուժեղացված ծառայություն իրականացնելու վերաբերյալ. 

«Հուլիսի 21-ի երեկոյան ուժեղացված ծառայություն իրականացվեց մայրաքաղաքում։ Մեկնարկից առաջ ոստիկանության պետի տեղակալ Արամ Հովհաննիսյանը հրահանգավորեց ուժեղացված ծառայությանը ներգրավված քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողներին։

Նա ստորաբաժանումների ղեկավարներին ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական իրավախախտումների կանխում ու բացահայտում։

Երևանում և Երևան մտնող ճանապարհահատվածներում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում տարբեր կասկածանքներով բաժիններ բերման է ենթարկվել 49 անձ, կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի հրազեններ, զինամթերք և այլն։

Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 4 դեպք. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, մեքենայի կեղծ համարանիշ։ Բերման ենթարկված անձանցից երկուսը ձերբակալվել է։

Կարող ենք արձանագրել, որ ուժեղացված ծառայությունն արդյունավետ էր։ Նմանօրինակ հատուկ միջոցառումները պարբերական են»,- ասված է հաղորդագրությունում:

Հավելենք, որ Ոստիկանության նշած ուժեղացված ծառայության արդյունքում մի քանի ժամ խցանումների մեջ էր Երևանի կենտրոնը և քաղքացից դուրս մայրուղիները: