կարևոր
712 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-22 11:57

1922թ. հուլիս 22. Ջեմալ փաշային արժանի պատիժ

Հայոց ցեղասպանությունից հետո միջազգային հանրությունը հստակ ջանք չգործադրեց հայտնաբերելու և թուրք ջարդարարներին օրենքով պատժելու համար։ Այդ անարդարության հետևանքով էր, որ 1919թ. սեպտեմբերին ՀՅԴ 9-րդ Ընդհանուր ժողովում որոշվեց իրականացնել «Նեմեսիս» գործողությունը։

«Նեմեսիս» գործողության նպատակն էր ոչ միայն պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած Երիտթուրք պարագլուխներին, այլ նաև թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին:

Կազմակերպել մի ամբողջ ժողովրդի դաժան, զանգվածային կոտորած՝ ցեղասպանություն ու մնալ անպատիժ, հնարավոր չէր…

1922 թվականի հուլիսի 22-ին, Թիֆլիսում հայ վրիժառուներ Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար, «Միություն և առաջադիմություն» կուսակցության պատգամավոր, հայերի ցեղասպանութան գլխավոր կազմակերպիչ Ջեմալ փաշային, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում։ Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը։

Փա՜ռք, պատի՜վ և  հարգա՜նք հայ վրիժառուներին:

Արտաշես Գևորգյանն այսպես էր ներկայացրել իրագորլված վճիռը. «Երբ արդէն այնքան մօտեցել էինք Ջեմալին, եւ հաստատ էր, որ նրա համար այլեւս ոչ մի փրկութիւն չկայ: Այդ վայրկեանին այն գիտակցութիւնը, որ մեզ գերագոյն բախտ է վիճակուել ի կատար ածել մեր միլիոնաւոր նահատակների վերջին կամքը, էութիւնս համակուեց մի անպատմելի, անհունօրէն հաճելի երանութեամբ: Ու քոյրս, Ուրֆայի մօտերքը գազանաբար յօշոտուած, դեռ 16 տարին չլրացած չքնաղ Անիկը աչքերիս առաջ կանգնեց էդ պահին. ձեռքերը ծոցին, գլուխը խոնարհ: Իմ նահատակուած քոյրը…

Մի քանի րոպէից արդէն ողջ Թիֆլիսը գիտէր կատարուածի մասին:

Երբ վերադարձայ տուն, մայրս, որ դէպքին մանրամասները չգիտեր, ջուր բերեց ոտքերս լուանալու համար: Մայրս, երբ ջուրը դրեց իմ առաջ, ասաց.- միա՛յն գիտնայի ո՛վ սպանեց, ոտքերը լուանայի, ջուրը խմէի»: