Այն պատճառները, որ բերել են ներքաղաքական ճգնաժամի, վերացե՞լ են, իհարկե, չեն վերացել․ հիմա մեկ հարցի պատասխանը պետք է տանք՝ ընտրությունը ժամանակի մեքենա է, կարող է՞ ժամանակը հետ պտտել, թե չի կարող, հասկանալի է, որ չի կարող։ Հետեւաբար՝ այն, ինչ կատարվել է հոկտեմբեր-նոյեմբերին, հետապնդելու է այս քաղաքական թիմին իր ամբողջ կյանքում։ Այս մասին «5-րդ ալիք», «Երկիր Մեդիա», Հայկական 2-րդ հեռուստաալիք հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Մոտ 400 հազար մարդ քվեարկել է այն քաղաքական ուժերի օգտին, որոնք այս իշխանությանը համարում էին դավաճան, կապիտուլյանտ, ապիկար եւ նման մի շարք այլ հոմանիշներ։ Այս մարդիկ մնացել են Հայաստանում, այս մարդիկ, ի դեպ, իրենց ակտիվությամբ, իրենց գիտակցությամբ, վերլուծելու ունակությամբ մեր բնակչության բավական որակյալ հատվածն են։ Հիմա, ինչպես կարելի է խոսել քաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։
Ի դեպ, խոսքը տարբեր մոտեցումների մասին չէ, թե ինչ սոցիալական քաղաքականություն է իրականացվում Հայաստանում՝ ավելի լիբերա՞լ, թե՞ ավելի սոցիալիստական։ Խոսքը տարբեր ոլորտներում պետության մասնակցության մասին չէ։ Խոսքը ֆունդամենտալ հարցրերի մասին է, ֆունդամենտալ կորուստների մասին։ Տեսեք, մենք չունենք պատասխաններ մի շարք հարցերի վերաբերյալ՝ ինչպես ենք մենք կորցրել Շուշին, Հադրութը, այդ պատասխանները չունենալու պարագայում հնարավո՞ր է խոսել ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման մասին։ Չի կարող այդպիսի բան լինել, միգուցե հիմա փոքր-ինչ ավելի նվազ, մեկ ամսից շատ ավելի սուր հնչեղություն այս ամենը ստանա, բայց, կրկնեմ, ընտրությունը ժամանակի մեքենա չէ, անցյալը չի ջնջում», ասել է Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ ժողովուրդը որեւէ ողջամիտ պատասխան, որեւէ բացատրություն չի ստացել, թե ի վերջո այս պատերազմը պլանավորված պարտություն է՞ր, թե՞ ինչ էր։
«Եթե դուք համարում եք, որ այս տարանջատումը երկրի ներսում այսպիսի հարցի շուրջ, որը, կրկնեմ, ոչ թե սոցիալական, այլ ազգի լինել-չլինելու, պետության լինել-չլինելու հարց է, եթե համարում եք, որ այս տարանջատումը բավարար չէ, այսպես ասենք, երկիրը յուրաքանչյուր պահի նոր քաղաքական ակտիվացման փուլ մտնելու համար, սխալվում եք, այդպես չէ։ Սա մի ական է, որ լինելու է երկրի քաղաքական կյանքում այնքան ժամանակ, քանի դեռ մեր հասարակությունը չի ստացել այդ հարցերի պատասխանները»,- ասել է Քոչարյանը։
Լրագրողի հարցին, թե այս իրավիճակում ինչպես մենք պետք է մեզ պահենք, Քոչարյանն ասաց, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում, մենք ականատես ենք եղել այնպիսի հայտարարությունների Հայաստանի հասցեին, որոնք անընդունելի են եւ որոնց Հայաստանը չի արձագանքել:
«Մենք սովորեցրել ենք մեր թշնամուն, որ մեզ հետ կարելի է վարվել այս կերպ: Ավելին ասեմ, այս ամենը օգտագործվում է Հայաստանի կողմից, հենց ներքաղաքական նպատակների համար: Ես կկրկնեմ այդ միտքը` պատերազմից սարսափած ժողովրդին մանիպուլացնել հենց այդ վախերի միջոցով, կառավարվող վախերի միջոցով եւ դոզան ավելացնելով հասնում ես քո նպատակին ներսում: Իռացիոնալ մտածելակերպ է, բայց երբ աշխատում է վախի բնազդը, ամեն ինչ դառնում է ինչ-որ չափով իռացիոնալ: Ես կարծում եմ` այս գործոնը էական նշանակություն է ունեցել ընտրությունների ընթացքում եւ ընտրությունների ընթացքի վրա: Ինչ կանեի, ես կասեմ, որ այս կեցվածքը երբեք չէի ունենա եւ երկրորդը` պարտված, այսպիսի ծնկաչոք վիճակում երբեք չէի հայտնվի»,-ասաց նա: