Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հուլիսի 21-ին՝ ժամը 11։08-ին, ահազանգ է ստացել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Դիմիտրով գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ի․, ծնված 1982 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել դաշտը։
Ըստ աղբյուրի՝ փրկարարները տուժած Կ․ Հ․-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Վարորդ Ս․ Ի․-ն և ուղևորներ Կ․ Հ․-ն (ծնված 1993 թ.), Մ․ Գ․-ն (ծնված 1993 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է։