կարևոր
2203 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-21 21:34

Իշխանությունը դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա. հակահայկական նոր փաստաթուղթը կմատուցվի ոչ թե պարտություն, այլ՝ փրկություն․ Ռոբերտ Քոչարյան

Իշխանությունը դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա. հակահայկական նոր փաստաթուղթը կմատուցվի ոչ թե պարտություն, այլ՝ փրկություն․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի սահմաններին տեղի ունեցողը մի մեծ պատկերի փոքր մասն է, Երասխի դեպքերից հետո մենք, կարծես, մոռացել ենք, որ կա Սեւ լիճ եւ Հայաստանի տարածքում են մեծ թվով ադրբեջանցի զինվորականներ։ Այս մասին «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք», Հայկական 2-րդ հեռուստաընկերությունների հետ հարցազրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Սա շարունակությունն է այն ամենի, ինչ կատարվում էր Հայաստանի հետ ե՛ւ պատերազմի ընթացքում, ե՛ւ հետպատերազմյան ժամանակահատվածում։ Մենք ցույց ենք տվել, որ ատամներ այլեւս չունենք, որ արժանապատիվ պատասխան տալու հնարավորություն չունենք, ցանկություն էլ չունի երկիրը, եւ Ադրբեջանն իր օրակարգը առաջ է տանելու նման կարգի դրսեւորումներով»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ «Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ իշխանությունը դարձյալ կիրառելու է պլանավորված պարտության տեխնոլոգիա. հայկական շահերին հակասող հերթական փաստաթուղթը ներկայացվելու է որպես փրկություն. այսինքն՝ հասունացվելու է մի վիճակ, որը մատուցվելու ոչ թե պարտություն, այլ փրկություն, ինչը մենք մեկ անգամ արդեն տեսել ենք:

«Նման կարգի պրովոկացիաներից հետո ստեղծվում է իրավիճակ, որ նոր պատերազմի վտանգը տեսանելի է դառնում ժողովրդի համար, և ժողովուրդը մարսում է հերթական փաստաթղթի ստորագրումը և տարածքի զիջումը: Դա ընկալվելու է ոչ թե որպես դավաճանություն, այլ՝ որպես փրկություն: Սա պլանավորած պարտության տեխնոլոգիա է»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը:

Քոչարյանը նշել է, որ ինքը հիմա ոչնչից չի զարմանա, և այո, նախապատրաստվում է մի համաձայնագիր, որը չի կարող լինել առանց Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման, ինչը կնշանակի խաչ քաշել Արցախի ապագայի վրա: