կարևոր
742 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-21 20:05

Բողոքի ակցիա Քաջարանում. պահանջում են ազատ արձակել Մանվել Փարամազյանին

Բողոքի ակցիա Քաջարանում. պահանջում են ազատ արձակել Մանվել Փարամազյանին

Սյունիքի Քաջարան համայնքում բողոքի ակցիա է ընթացել, որտեղ մասնակիցները պահանջում էին ազատ արձակել իրենց համաայնքապետ Մ«անվել Փարամազյանին:

Նրանք պարզել են պաստառներ, որի վրա գրված է. «Մանվել Փարամազյանն ազատաՄԱՐՏԻԿ է, Մանվել Փարամազյանն ազատաԶՐԿՎԱԾ է», «Պատերազմող երկրում ազատամարտիկը բանտարկվում է միայն հոգուտ թշնամու»:

Ակցիայի մասնակիցներից մեկն ասաց. «Մեր երկիրը պատերազմի մեջ է, Սյունիքի համայնքապետերը իրենց ազատամարտիկի ոգով կամավոր մեկնել են առաջնագիծ: Պատերազմող երկրում պահանջվում է առաջին հերթին միասնություն, բայց ի՞նչ ենք տեսնում: Փոխանակ այստեղ միասնություն տիրի, տեղի են ունենում նորից պառակտում, նորից քաղաքական հետապնդումներ:  Պատերազմող երկրում ազատամարտիկը բանտարկվում է միայն հոգուտ թշնամու: Ձերբակալելով Սյունիքի համայնքապետերին, նրանք առաջինը կպնում են ժողովրդի անվտանգությանը»:

Ելույթներից հետո ակցիայի մասնակիցները երթ իրականացրեցին Քաջարանի փողոցներում:

Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ Քաջարանում Մանվել Փարամազյանի ազատության պահանջով ստորագրահավաք է ընթանում:

Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով: Առաջադրված մեղադրանքները Մանվել Փարամազյանը չի ընդունում, գտնում է, որ այս ամենը իր նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդման շղթայի մի մասն է:

Հավելենք, որ Գորիսում նույնպես ստորագրահավաք են սկսել՝ հաջակցություն իրենց համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեքնածու Առուշ Առուշանյանի։