Գորիսում ստորագրահավաք են սկսել՝ հաջակցություն իրենց համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեքնածու Առուշ Առուշանյանի։ Այս մասին հայտնել է Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խումբի անդամ Զաքար Խոջաբաղյանը։
«Ստորագրահավաքին կարող եք միանալ վաղը՝ 21․07․2021 թ․ ժամը 17։00-ից, Գորիսի Գ․ Տաթևացու անվան հրապարակում (Մշակույթի տան հարակից տարածք), կարող եք միանալ ստորագրահավաքին»,-գրել է նա։
Նշենք, որ Առուշ Առուշանյանին «Արմավիր» ՔԿ-ից տեղափոխել են ԱԱԾ մեկուսարան։ Այս մասին Yerkirmedia.am-ին հայտնել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանը նշել է, որ Գորիսի համայնքապետին մեկուսարան են տեղափոխել երեկ․ արգելված է անգամ մտերիմների հետ տեսակցությունները։
Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։
ՀՀ ՀՔԾ քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: