կարևոր
148 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-21 16:05

Նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու կարգը՝ համավարակի պայմաններում

Նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու կարգը՝ համավարակի պայմաններում

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար սահմանված կարգը, որի նպատակն է կանխարգելել կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը Զինված ուժեր:

«Հակահամաճարակային միջոցառումների արդյունավետ իրականացման շնորհիվ հնարավոր եղավ վերջին մեկ տարվա ընթացքում զինված ուժերում ապահովել կայուն և վերահսկելի համաճարակային վիճակ։

Թեև համավարակի հետ կապված նախկին որոշ արգելքներ և սահմանափակումներ հանվել են, սակայն հանրապետությունում դեռևս շարունակում է գործել կարանտինային ռեժիմը, և կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման կանոնների պահպանումը խիստ անհրաժեշտ է։

Կարևորելով զինծառայողների առողջությունն ու զինված ուժերի մարտունակության պահպանումը և հաշվի առնելով ԶՈւ մի շարք զորամասերում կայանալիք նորակոչիկների զինվորական երդման արարողությունները, անձնակազմի շրջանում վարակիչ հիվանդությունների և, մասնավորապես՝ կորոնավիրուսային վարակի ներթափանցումն ու տարածումը կանխարգելելու նպատակով նորակոչիկների երդման արարողությանը մասնակցելու համար սահմանվել է հետևյալ կարգը․

1․ Երդման արարողության օրը զորամաս մուտք գործելու համար նորակոչիկի հարազատները պետք է զորամաս ժամանելիս ներկայացնեն ՊՇՌ թեստի՝ 72 ժամը չլրացած բացասական պատասխանով տեղեկանք կամ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումը հաստատող անձնագիր (QR կոդ):

2․ Նորակոչիկների երդման արարողությունների ընթացքում զորամասերում պետք է խստագույնս պահպանել կորոնավիրուսի կանխարգելման կանոնները, մասնավորապես՝ պետք է պահել սոցիալական հեռավորություն, կրել դիմակներ, ախտահանել ձեռքերը և այլն։

Նույն կարգը գործում է նաև զինծառայողներին զորամասերում տեսակցելու դեպքում։

Հորդորում ենք զինծառայողների հարազատներին և շահագրգիռ այլ անձանց ըմբռնումով մոտենալ այս սահմանափակումներին: Եվս մեկ անգամ շեշտում ենք, որ առաջնայինը զինծառայողների առողջությունն է և բանակի մարտունակության պահպանումը»։