կարևոր
700 դիտում, 1 ամիս առաջ - 2021-07-21 13:30

«Պատիվ ունեմ» դաշինքը 7 պատգամավոր կունենա Աժ-ում

«Պատիվ ունեմ» դաշինքը 7 պատգամավոր կունենա Աժ-ում

Այսօր՝ հուլիսի 21-ին, մինչև 18։00-ն պատգամավորների թեկնածուները կարող են ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնել ԿԸՀ։

Մինչ այս պահը ինքնաբացարկի դիմում ներկայացրել են «Հայաստան» դաշինքից 3 անդամ և 16 անդամ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից։

Նշենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը որոշում է կայացրել վերցնելու պատգամավորական մանդատները։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ, «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը:

««Պատիվ ունեմ» դաշինքի անունից լիազորված եմ ասել, որ դաշինքը վերցնելու է մանդատները և գնալու է խորհրդարան»,- ասաց Հակոբյանը։

Հարցին՝ հնարավո՞ր է, մինչև ժամկետի ավարտը դիմումներ ներկայացվեն, Հակոբյանը նշեց.

«Չի բացառվում, որովհետև ամեն պատգամավորի թեկնածուի կամքն է։ Գուցե ինչ-որ բան փոխվի, բայց այս պահի դրությամբ կանխատեսում չկա, որ որևէ մեկը ներկայացնելու է ինքնաբացարկի դիմում»։

Հիշեցնենք՝ «Հայաստան» դաշինքը նախօրեին նույնպես հայտարարել է, որ կվերցնի պատգամավորական մանդատները։ Այսպիսով՝ «Հայաստան» դաշինքը խորհրդարանում կունենա 29, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը 7 մանդատ։

Հիշեցնենք նաև, որ «Պատիվ ունեմ» դաշինքը չէր հաղթահարել դաշինքների համար սահմանված 7 տոկոսի շեմը, ստացել էր 5,23 տոկոս, սակայն խորհրդարան է անցել իրավունքի ուժով, որպես երրորդ տեղը գրաված ուժ: