Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, այսօր՝ հուլիսի 21-ին, «Հայաստան» դաշինքի անդամ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար, բժիշկ Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը բավարարելու որոշում կայացրեց։
«Դատարանը որոշեց Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխել և որպես խափանման միջոց ընտրել գրավ և ստորագրություն չհեռանալու մասին: Մեղադրյալ Արմեն Չարչյանին անհապաղ ազատ արձակել կալանքից»,- հայտարարեց դատավորը:
Գրավի չափ է սահմանվել նվազագույն աշխատավարձի 15 հազարապատակի` 15 մլն ՀՀ դրամի չափով: Գրավի գումարը դատարանի դեպոզիտ հաշվին վճարելուց հետո Արմեն Չարչյանն ազատ կարձակվի:
Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանի քրեական գործը ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր 2021թ հունիսի 18-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Հուլիսի 6-ին դատախազությունը գործն ուղարկել է դատարան:
Բժիշկ Չարչյանին նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը՝ մեկ ամսով: ԱԺ 7 պատգամավոր անձնական երաշխավորություն է ներկայացրել՝ միջնորդելով փոխել բժիշկ Արմեն Չարչյանի խափանման միջոցը։