կարևոր
1045 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-21 11:07

Հանցավոր արարքներով խախտել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչների իրավունքները․ ՀՀ ՄԻՊ

Հանցավոր արարքներով խախտել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչների իրավունքները․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողները 2021թ. հուլիսի 19-ի հանցավոր արարքներով խախտել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչների իրավունքները։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Բողոքների և ահազանգերի հիման վրա ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչներից մեկը 2021թ. հուլիսի 19-ին՝ առավոտյան ժամը 10-10:30-ի սահմաններում, գյուղատնտեսական աշխատանքներ է կատարել օրինական փաստաթղթերի հիման վրա սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում: Տեղ գյուղի նշված բնակչի հողատարածքը գտնվում է ադրբեջանական զինված ուժերի դիրքերի անմիջական հարևանությամբ:

Երբ կոմբայնավարը եզրային հատվածներից մեկում ավարտել է աշխատանքները և այդ վայրից գտնվել է շուրջ 150 մետր հեռավորության վրա՝ դեպի ՀՀ տարածքի խորքը, նկատել է, որ իրեն են մոտենում ադրբեջանական մի շարք զինված ծառայողներ: Մոտենալով՝ ադրբեջանական զինծառայողները զենքով սպառնացել են Տեղ գյուղի բնակչին։ Փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողները փաստացի ապօրինաբար ազատությունից զրկել են իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում կոմբայնով հացահատիկի բերքահավաք իրականացնող կոմբայնավարին, տևական ժամանակով խոչընդոտել են գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը: Կոմբայնավարն անմիջապես ահազանգել է Տեղ համայնքի ղեկավարին: Դրանից հետո համայնքի ղեկավարի, ՀՀ զինված ուժերի ու տեղի ռուսական սահմանապահ զորքերի հրամանատարական կազմերի ջանքերի շնորհիվ հուլիսի 19-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում կոմբայնավարը վերադարձել է հայկական կողմ: Մարդու իրավունքների պաշտպանը նկարագրված միջադեպի վերաբերյալ օբյեկտիվ ապացույցները կտրամադրի համապատասխան, այդ թվում` միջազգային միջկառավարական մարմինների:

Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները պարզել են նաև, որ նշված միջադեպից բացի, ադրբեջանական զինված ուժերը 2021թ. հուլիսի 19-ից լույս 20-ի գիշերը կրակոցներ են արձակել Տեղ համայնքի Խնածախ և Արավուս գյուղերի անմիջական հարևանությամբ՝ խաթարելով գյուղերի բնակիչների անդորրը և խաղաղ կյանքը: Կրակոցները դադարել են միայն ՀՀ Զինված ուժերի՝ քաղաքացիական բնակչությանը պաշտպանող կանխարգելիչ կրակոցների արդյունքում: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ ադրբեջանական զինված ուժերի ծառայողների՝ ՀՀ քաղաքացիական բնակիչների իրավունքները կոպիտ խախտող հանցավոր բնույթի արարքները պետք է դիտել միասնական դիտավորության մեջ»: