կարևոր
250 դիտում, 2 ամիս առաջ - 2021-07-20 20:26

Սահմանադրական դատարանը հրապարակել է ամբողջական որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է ամբողջական որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ կապված կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ուժի մեջ թողնելու մասին ամբողջական որոշումը։

Բարձր դատարանը հուլիսի 17-ին մերժեց բողոքը, անփոփոխ թողեց հունիսի 20-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ ընդունած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը:

Հուլիսի 17-ին ՍԴ-ն հրապարակել էր որոշման ընդամենը վերջին մասը։ Նշենք, որ որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտել հրապարակման պահից:

Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքները վիճարկում էին 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերում էին նույն հարցին:

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել են 21 կուսակցություն և 4 դաշինք, անցողիկ շեմը հաղթահարել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։ Խորհրդարան կմտնի նաև շեմը չհաղթահարած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 3-րդ ուժը։

Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 71,  «Հայաստան» դաշինքը՝ 29 «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ: Այս մասին  հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։