կարևոր
1570 դիտում, 1 տարի առաջ - 2021-07-20 17:20

Քաջարանում մեկնարկած ստորագրահավաքը շարունակվում է. 2200 քաջարանցի պահանջում է ազատել Մանվել Փարամազյանին

Քաջարան քաղաքի բնակիչների 70 տոկոսից ավելին ցանկանում է ազատության մեջ տեսնել իրենց ղեկավարին՝ Մանվել Փարամազյանին։ Քաջարանը ասես գլխատված է: Այս մասին հայտնել է Քաջարանի բնակչուհի Շողիկ Շահնազարյանը։

Հուլիսի 18-ից Քաջարանում մեկնարկել է ստորագրահավաք՝ հաջակցություն քաղաքապետ Մանվել Փարամազյանի։ Այս պահի դրությամբ ստորագրահավաքին մասնակցել է 2200-ից ավելի քաջարանցի։ Քաջարանցիները պնդում են, որ Փարամազյանի կալանավորումն անարդարացի է, եւ պահանջում են ազատ արձակել իրենց համայնքապետին։

«Մարդիկ մեծ ոգեւորությամբ աջակցում են համայնքապետ Փարամազյանին՝ հարգելով նրա անձն ու կատարած աշխատանքը։ Քաղաքն ասես գլխատված լինի։ Գտնում ենք, որ քաղաքապետի կալանավորումն ապօրինի է։ Քաջարանցիները, սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց զայրույթն են հայտնում Փարամազյանին կալանավորելու առնչությամբ։ 2 օրվա մեջ 2200-ից ավելի քաջարանցի միացավ ստորագրահավաքին»,- ասել է ստորագրահավաքի կազմակերպիչը։

Նրա խոսքով՝ ստորագրահավաքը իշխանության դեմ բողոք չէ, ասում է՝ ընտրվել ե՞ն, շատ բարի, թող աշխատեն, բայց միաժամանակ չխանգարեն քաջարանցիներին։

«Մենք ցույցերի կողմնակից չենք, ոչ մեկի դեմ ոչինչ չենք պատրաստվում անել, սա քաղաքակիրթ ստորագրահավաք է՝ քաղաքի առաջավոր հանրության կողմից։ Ըստ երեւույթին, կփորձենք ստորգրությունների մեկ օրինակ ուղարկել Փարամազյանի փաստաբանին, մյուսն էլ՝ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին»,- հավելել է Շողիկ Շահնազարյանը։