կարևոր
1651 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-20 16:39

Դատարանը մերժել է Վազգեն Մանուկյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը

Դատարանը մերժել է Վազգեն Մանուկյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը

Երեւանի առաջին ատյանի դատարանը Վահե Միսակյանի նախագահությամբ մերժել է Վազգեն Մանուկյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը:

Նշենք, որ Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

ՀՀ նախկին վարչապետ, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 22-ին:

Այսօրվա նիստի սկզբում պաշտպանական կողմը միջնորդել է հետաձգել գործի քննությունը, քանի որ Վազգեն Մանուկյանը ներգրավել է երկրորդ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որը դեռ չի հասցրել ծանոթանալ գործի նյութերին:

Հիշեցնենք, որ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Փաստաբան Արամ Վարդեւանյանի կարծիքով՝ Վազգեն Մանուկյանի հայտարարությունները քննարկելիս պետք է հիշել նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որոնք, ըստ նրա, ուղեկցվում էին ատելության խոսքով եւ մուրճի օգտագործմամբ: