կարևոր
1462 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-20 14:34

Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի վերջ

Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի վերջ

Վազգեն Մանուկյանի գործով դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի վերջ:

Վազգեն Մանուկյանը ներկա էր նիստին։ Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել վերացնել Վազգեն Մանուկյանի նկատմամբ ընտրված ստորագրությամբ չհեռանալու մասին խափանման միջոցը: Պաշտպան Արամ Վարդեւանյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանի կողմից դրսեւորվել է պատշաճ վարքագիծ. «Անհրաժեշտություն չկա խափանման միջոց ընտրելու համար: Պարոն Մանուկյանը մինչեւ օրս դրսեւորել է պատշաճ եւ օրինակելի վարքագիծ»։

Գործով մեղադրող դատախազն էլ պնդեց, որ Վազգեն Մանուկյանը կարող է նոր հանցանք կատարել, եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրելու հիմքերը չեն վերացել.

Դատարանը լսեց կողմերին և հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:

Միջնորդություն ներկայացվեց նաև պաշտպանական խմբում, բացի Արամ Վարդևանյանից, ներգրավել Էրիկ Ալեքսանյանին: 

Վարդևանյանը հայտնեց, որ հնարավոր է՝  հետագայում իր կողմից  Մանուկյանի պաշտպանությունը շարունակելու անհնարինության առաջանա, որի դեպքում պաշտպանությունը Էրիկ Ալեքսանյանն է իրականացնելու։ Թե ինչու կարող է Արամ Վարդևանյանի կողմից Մանուկյանի պաշտպանությունը շարունակելու անհնարինության առաջանալ Վարդևանյանն այս  պահին նպատակահարմար չգտավ պարզաբանել։ Ինչպես նշեց Ալեքսանյանը, միայն երեկ է որոշվել իրեն ներգրավել գործին, հետևապես, նյութերին ծանոթ չէ: Այդ նպատակով  պաշտպանին տրամադրելու համար նիստը ենթակա էր հետաձգման։

Հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14:00:

Հիշեցնենք, որ 2021 թ․ փետրվարի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով, և որոշում է կայացվել Վազգեն Մանուկյանին գործում ներգրավել որպես մեղադրյալ։ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նշենք, նաև 2021թ. մարտի 9-ին Վազգեն Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է՝ 2021թ. փետրվարի 26-ին Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ արված հայտարարությունների հիման վրա:

Վազգեն Մանուկյանն այս քրեական գործն ու իրեն առաջադրված մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակել։