Լրագրող Նաիրի Հոխիկյանը հրապարակել է հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինի՝ իրեն ուղարկած մի քանի ձայնային հաղորդագրություն, որոնք, ըստ Հոխիկյանի, ապացուցում են իր խոսքերի ճշմարտացիությունը:
Հոխիկյանն օրեր առաջ հայտարարել էր, որ 2019 թ. Գավառ քաղաքում կազմակերպված «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի» տնտեսական ֆորումի ընթացքում ինքն ու Լապշինը զրույց են ունեցել դեմ առ դեմ Փաշինյանի հետ, որի ժամանակ հրեա բլոգերի հետ Փաշինյանի անունից նրա այդ ժամանակվա խոսնակը՝ Վլադիմիր Կարապետյանն է առանձնացել ու զրույց ունեցել, որի մանրամասները հետո Լապշինը պատմել է Հոխիկյանին քիչ անց՝ Երեւան վերադառնալու ճանապարհին:
Հոխիկյանն ասում է, որ երբ ինքը Փաշինյանի հետ էր զրուցում տարատեսակ հարցերի շուրջ, ականջի ծայրով իրենցից քիչ հեռու գտնվող Վլադիմիր Կարապետյանից լսել է այսպիսի արտահայտություն՝ որ մի քանի հազար զոհ տանք, լավ էլ համաձայն կլինի ժողովուրդը:
Այս հայտարարությունից հետո հրեա բլոգերն իր գրառումներով սկսեց հերքել, որ նման խոսակցություն է եղել՝ ասելով, թե իրեն նման բան չի ասվել՝ մեղադրելով Հոխիկյանին սուտ տեղեկություններ հրապարակելու մեջ: Նաիրի Հոխիկյանն էլ որոշել է իր ճշմարտացիության հարցում հնչող կասկածներն ու անհիմն խոսելու մեղադրանքները փարատել փաստերով: Նա իր եւ Լապշինի հեռախոսային նամակագրությունից ձայնային հաղորդագրություններ է հրապարակել:
Ալեքսանդր Լապշինը մեզ հետ զրույցում կրկին պնդել է, որ Հոխիկյանը ստում է, ասում է՝ այլ բան են իրեն ասել Փաշինյանն ու նրա խոսնակը:
«Թե Փաշինյանը, թե Կարապետյանը պարզապես ասացին ինձ, որ Հայաստանը ծանր վիճակում է հայտնվել, որ Ղարաբաղում փոխզիջումներն անխուսափելի են, որ մենք ստիպված ենք գնալ սահմանների բացմանն ու Թուրքիայի, Ադրբեջանի հետ մերձեցմանը, այդքանը: Եվ ինձ ասացին, որ ես՝ որպես բլոգեր, որը Արցախ այցելելու, հետո բանտարկվելու պատճառով խնդիր ունեմ Ադրբեջանի հետ, պետք է մտածեմ թե ինչպես եմ ինձ դրսեւորելու, որպեսզի թրենդի մեջ չլինեմ, այլ պարզապես հետեւեմ զարգացումներին, որովհետւ իրավիճակը փոխվելու է, բայց դրանք սպառնալիքներ չեն եղել»,-նշել է Լապշինը:
Լապշինը պնդում է, որ Վլադիմիր Կարապետյանը մի քանի հազար զոհ տալու, այդ դեպքում Արցախը հանձնելու մասին որեւէ բան իրեն չի ասել:
Հոխիկյանը հրապարակել է նամակագրության այլ հատվածներ, որտեղ Լապշինին խնդրում է խոսել այն ամենի մասին, ինչ իրեն Վլադիմիր Կարապետյանն է ասել, բայց հրեա բլոգերը հրաժարվել է:
Մեզ հետ զրույցում Ալեքսանդր Լապշինը պնդել է, որ իր ու իր ընտանիքի անդամների կյանքի, անվտանգության մասին հնչեցրած մտահոգություններում ոչ թե Փաշինյանին է նկատի ունեցել, այդ Ադրբեջանին:
«2020 թ. դեկտեմբերին ինձ զգուշացրին, որ ինչ-որ ադրբեջանցիների խումբ կա, որն ինձ հենց Երևանում կարող է պարզապես սպանել, եւ այդ մասին ինձ ռուսական հատուկ ծառայություններն են զգուշացրել, ինչպես հասկանում եմ՝ Հայաստանում եւս դրա մասին տեղյակ էին, բայց դա որեւէ կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ, դա Ադրբեջանից եկող սպառնալիքներին է վերաբերում»,-նշել է Լապշինը:
Լապշինն ասում է՝ մերժել է Հոխիկյանի՝ խոսակցությունների մանրամասները հրապարակելու առաջարկը նաեւ այն պատճառով, որ լինելով օտարերկրացի՝ ցանկություն չունի որեւէ կերպ ներքաշվել Հայաստանի ներքաղաքական զարգացումների մեջ, մի բան, որի հետ ինքը որեւէ կապ չունի:
Նա հերքում է նաեւ այն տեղեկությունները, թե Հայաստան կատարած վերջին այցի ժամանակ հանդիպել է գործարար, այժմ՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի հետ:
Մանրամասնում է՝ Հայկ Սահակյանը։