կարևոր
1669 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-19 14:13

Գորիսի պետական համալսարանում շատ մասնագիտոթյուններ թափուր են. ԳԹԿ-ն ամփոփում է բուհերի ընդունելության քննությունների արդյունքները

Գորիսի պետական համալսարանում շատ մասնագիտոթյուններ թափուր են. ԳԹԿ-ն ամփոփում է բուհերի ընդունելության քննությունների արդյունքները

Հայաստանում բուհերի ընդունելության քննությունները 2021 թվականին տարբերվում էին նախորդ տարիների քննություններից: Այս մասին մամուլի ասուլիսում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը նշելով, որ այս տարի դիմորդները 2 քննություն են հանձնել: Նա հիշեցրեց, որ քննությունները հանձնելու գործընթացը սկսվել է փոքր-ինչ ուշ, քանի որ Հայաստանի կրթական դպրոցների 12-րդ դասարանի շրջանավարտները ուսումնական տարին ավարտել են միայն հունիսի 4-ին, բայց ընդունելության քննություններն ավարտվել են հունիսի 25-ին:

Միասնական քննություն հանձնելու համար հայտագրված 11058 դիմորդից առաջին հայտով ընդունվել է 8083 դիմորդ: Մրցույթից դուրս մնացածների թիվը 2935 է, որից 1546 դիմորդ չի հաղթահարել դրական շեմը։

«Կտրվածների թիվը պետք է բաժանել երկու մասի. կան դիմորդներ, որոնք երկու քննություն են հանձնել, երկուսից էլ անբավարար են ստացել, և կան դիմորդներ, որոնք հանձնել են մեկ քննություն, և այդ մեկ քննությունից էլ կրկին անբավարար են ստացել: Իսկ եթե դիմորդը երկու քննություններից որևէ մեկից դրական գնահատական է ստացել, բնականաբար նա կարող է մասնակցել լրացուցիչ՝ թափուր մնացած տեղերի մրցույթին»,- նշեց  Կարո Նասիբյանը:

ԳԹԿ փոխտնօրենի խոսքով՝ թեպետ այս ուստարվա համար բուհերին հատկացվել է 1824 անվճար և 21820 վճարովի տեղ, սակայն բուհերում թափուր մնացած տեղերի թիվը մեծ է: Պետական և ոչ պետական բուհերում մոտ 15 հազար թափուր տեղ կա:

«Մարզերում գտնվող բուհերի վիճակն այդքան էլ բարվոք չէ․ օրինակ՝ Գորիսի պետական համալսարանում միասնական քննություններով ընդունվել է 52 դիմորդ, հետևաբար՝ այս համալսարանում շատ մասնագիտոթյուններ թափուր են մնացել»։

Համեմատություն անցկացնելով նախորդ և այս տարիների միջև, նա նշեց, որ այս տարի քիչ դիմելիություն են ունեցել քիմիա առարկային վերաբերող մասնագիտությունները, ինչպես նաև ԵՊՀ «Կրոնագիտություն», «Աստվածաբանություն», «Արվեստաբանություն», «Մշակութաբանություն» մասնագիտությունները: