Այսօր՝ հուլիսի 19-ին, ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչության անդամներն այցելել են Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց և հարգանքի տուրք մատուցել Արցախի Հանրապետության Գերագույն Խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի և Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված արցախցիների հիշատակին:
Երեկե Ստեփանակերտի ՀՅԴ Նիկոլ Դուման կենտրոնում ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հանդիպել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության Կենտրոնական վարչության պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում ՀՄԸՄ վարչության ատենապետ Վաչե Նաճարյանը նշեց, որ պատանիների և երիտասարդների ազգային դաստիարակությունը ՀՄԸՄ-ի հիմնական նպատակներից է: Առաջնորդվելով առողջ մտքով, մարմնով և հոգով սերունդների դաստիարակման կարևորությունից կազմակերպությունը իր գործունեությունն է ծավալում սփյուռքի գրեթե բոլոր համայնքներում, Արցախում և Հայաստանի Հանրապետությունում:
«Արցախում պատանիների և երիտասարդների ազգային դաստիարակության հարցը ևս ՀՄԸՄ աշխատանքների գերակա ուղղություններից է»,- ասել է նա:
ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Դավիթ Իշխանյանը հիշեցրեց, որ Արցախում ՀՄԸՄ-ն որպես ՀՅԴ քույր կառույց իր աշխատանքները սկսել է 1919թ. օգոստոսից: Իշխանյանն ընդգծեց, որ Արցախում ՀՄԸՄ-ի աշխատանքների վերսկսումը պատանիների և երիտասարդների շրջանակներում այսօր առավել քան կարևորվում է նկատի ունենալով Արցախում պատերազմի հետևանքով առաջացած խնդիրները: