Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն արձագանքել է Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակի հայտարարությանն այն մասին, թե «Առուշանյանի պաշտպանության կողմը մանիպուլյատիվ հայտարարություն է տարածել՝ իբր տարակուսանք հայտնելով, թե ինչպես է Ա. Առուշանյանին մեղադրյալ ներգրավելու և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ որոշումները կայացրել ՀՀ ՀՔԾ քննիչ Խ. Մեջլումյանը, երբ տվյալ գործով քննչական խմբի ղեկավարը, ըստ իրենց տրամադրված նյութերի, այլ քննիչ է եղել»:
Ալեքսանյանը գրում է.
«ՀՔԾ մամուլի քարտուղարը այս հայտարարությունը տարածելիս հանդես է գալիս, որպես քրեական գործ հարուցելու զեկուցագիր կազմող քրեադատավարական սուբյեկտ, թե զուտ հանրությանը տեղեկատվություն փոխանցող: Հենց այս տեղեկությունը պարզաբանվի սպառիչ արձագանք կտանք: Միաժամանակ հրապարակում եմ քննչական խմբի այն որոշումը, որն ինձ եւ դատարանին է տրամադրվել, ու հորդորում եմ ունենալ կամք սխալները ընդունելու մասով, հորդորում եմ նաեւ մամուլի քարտուղարին հետայսու իմ հայտարարություններին արձագանքելիս չօգտագործել «մանիպուլյատիվ» «էժանագին» բառերը, հակառակ դեպքում հաջորդ անգամ կստանա շատ կոշտ պատասխան:
Էրիկ Ալեքսանյան»:
Ավելի վաղ Էրիկ Ալեքսանյանը գրել էր, որ Առուշ Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին քննիչի միջնորդությունը կայացրել է քննիչ Խ․ Մեջլումյանը, այնինչ տվյալ գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավարը, ըստ նյութերի, որոնք տրամադրվել են պաշտպանության կողմին և դատարանի, եղել է քննիչ Արման Մանուչարյանը։