Շուշիի գորգերի թանգարանի փրկված նմուշներից շուրջ 70 գորգ այսօր «արևին են տվել»։ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը Շուշիի գորգերի թանգարանի հետ միասին կազմակերպել էր «Գորգերին արեւին տանք» խորագիրը կրող ֆլեշ-մոբը։
Արցախյան վերջին պատերազմից հետո Շուշիի գորգերի թանգարանի նմուշները կես տարի է արդեն Երևանում են, որոնք ցուցադրվում են Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի կողմից։ Գորգերը թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են եւ Շուշիից հանվել են նախորդ տարվա նոյեմբերի 1-ին։ Նրա խոսքով գորգերը տարին մեկ անգամ պետք է անպայման արեւին տալ։ «Արևի տակ փռելը պարտադիր պայման է փաթաթված գորգերի համար, և եթե արևին չտաս, ժամանակի ընթացքում գորգը կփչանա` թղթի պես կարող է պատռվել այն։ Նույն գործողությունն անում էինք նաև Շուշիում` գորգերի թանգարանի առջևի հատվածում. ավանդույթները շարունակվում են»,–Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանը:
Շուշիի գորգերի թանգարանը միակն է, որ փրկվել է. սա նաև միակ օղակն է Շուշիի հետ կապող, եթե չպահպանենք գորգերն ու թանգարանի գաղափարը՝ Շուշին մեր մեջ կկորցնենք, նշել է Ասծատրյանը։