կարևոր
2431 դիտում, 2 տարի առաջ - 2021-07-18 16:58

Ի տարբերություն իմքայլական պատգամավորի՝ Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարը զենքը ձեռքին է ապացուցել Հայրենիքին ծառայելու անմնացորդ նվիրվածությունը

Ի տարբերություն իմքայլական պատգամավորի՝ Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարը  զենքը ձեռքին է ապացուցել Հայրենիքին ծառայելու անմնացորդ նվիրվածությունը

Իշխանության որոշ ներկայացուցիչների ցինիզմն անցնում է բարոյականության և պարկեշտության բոլոր սահմանները, գրում է ՀՅԴ Շիրակի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը և փաստարկում.

«Օրերս Շիրակի մարզը ներկայացնող,մինչ այս պահը որպես պատգամավոր ոչնչով աչքի չընկած իմքայլական Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարը` փոխանակ զբաղվեր սեփական համայնքի սուբվենցիոն ծրագրերով, համայնքի բարելավման և առաջխաղացման աշխատանքներով, զբաղված էր նախընտրական աշխատանքներով` ծառայելով ռոբասեռժական կլանին։ Վստահ եմ` համայնքի ավագանին կտա այն արժանի գնահատականը, որին արժանի է համայնքի ղեկավարը` հաշվի առնելով վերջին ընտրություններում համայնքի բնակիչների դիրքորոշումը»։

Նախ ասեմ, որ մինչ ինչ-որ մեկի աչքերը հանելը, դուք` որպես պատգամավոր, պետք է իմանայիք, որ Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավարը եղել է պատգամավորության թեկնածու և քարոզարշավի օրերին գտնվել է արձակուրդում: Ինչը չէի ասի ձեր առաջնորդի և քաղաքական թիմի մասին:

Ձեզ յուրահատուկ կեղտոտ ոճով՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ քարոզարշավ իրականացրեցիք, ինչը ժամանակին կոշտ քննադատության էր ենթարկվում հենց Նիկոլի կողմից:

-իրականացնում էիք նախընտրական քարոզչություն աշխատանքային ժամին` պաշտոնական հանդիսացող աշխատանքային այցի շրջանակներում:

- «օրինական» կաշառք բաժանեցիք 9 մարզերին՝ պետական բյուջեից հատկացնելով 1 միլիարդ 200 միլիոն դրամ գումար

-խոչընդոտեցիք իրադարձությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեությանը

-աջ ու ձախ տարածում էիք ատելություն ու չարիք

-մարզպետները, տեղերում դիմում էին ցանկացած քայլի՝ փորձելով հնարավորինս շատ մարդ հավաքել ՔՊ-ի հանդիպումներին

-անհիմն քրեական գործերով շանտաժի ենթարկեցիք շատ ու շատ համայնքի ղեկավարների

- տեղաշարժվում էիք միայն բազմաթիվ ոստիկանական ուժերի ուղեկցությամբ

Ու հիմա փորձել մեղադրել որևէ համայնքի ղեկավարի անգործության մեջ դա ձեր կողմից անբարոյականություն է:

Դուք ամեն ինչ արեցիք, որ Հայաստանը դարձնեք աֆրիկյան «երրորդ սորտի» հետամնաց երկիր:

Իսկ համայնքի ղեկավարներին թիրախավորելու փոխարեն ավելի լավ է պետության անվտանգության մասին մտածեք և մի քիչ էլ տղամարդկություն ունեցեք պատասխանել ՀՀ-ի թշնամի երկրի ղեկավարի սպառնալիքներին:

Հ.Գ. Ի տարբերություն ձեզ՝ պարոն Սարուխանյան, Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը զենքը ձեռքին է ապացուցել Հայրենիքին ծառայելու անմնացորդ նվիրվածությունը»։

Հավելենք, որ 2020 թ.-ի դեկտեմբերին Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը նաև Գորիսում էր, և նրա անմիջական մասնակցությամբ հնարավոր դարձավ շրջափակման մեջ գտնվող Շիրակի մարզի 58 կամավորի ու ՄՈԲ֊ի 12 տղաների /ընդհանուր 70 հոգի/ տեղափոխումը: Նրանք անվտանգ կարողացել էին դուրս գալ ադրբեջանական շրջափակումից: