Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը նշում է, որ գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավարը, ըստ պաշտպանության կողմին և դատարանի ներկայացված նյութերի, եղել է այլ քննիչ՝ Արման Մանուչարյանը։ Ըստ պաշտպանի՝ սա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ակնհայտ խախտում է:
«ՀՐԱՏԱՊ.
Առուշ Առուշանյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը, ինչպես նաև նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն հարուցելու մասին քննիչի միջնորդությունը կայացրել է քննիչ Խ․ Մեջլումյանը, այնինչ տվյալ գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին, որի ղեկավարը, ըստ նյութերի, որոնք տրամադրվել են պաշտպանության կողմին և դատարանի, եղել է քննիչ Արման Մանուչարյանը։
Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝
Գործերը միացնելու կամ անջատելու, անձին որպես մեղադրյալ ներգրավելու, գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու, գործով վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին որոշումները, ինչպես նաև նախաքննության ժամկետը երկարացնելու, կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և դրանց ժամկետը երկարացնելու միջնորդություններ հարուցելու մասին որոշումներն ընդունում է միայն քննչական խմբի ղեկավարը:
Այսինքն ակնհայտ է, որ Առուշ Առուշանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումն ապօրինի է և նրա նկատմամբ ընտրված կալանքը նույնպես, ուստի Ա․ Առուշանյանն անհապաղ պետք է ազատ արձակվի։
Ենթադրում եմ, որ ՀՔԾ-ն և Գլխավոր Դատախազությունը կփորձեն ներկայացնել իրականությունն այնպես, թե իբրև առկա է քննչական խմբի նոր ղեկավար նշանակելու մասին որոշում, որը շատ պատահաբար չի տրվել թե պաշտպանության կողմին, և թե դատարանին։ Չի ստացվելու: Նման փորձի դեպքում ողջամիտ կասկած է ստեղծվելու այդ որոշման կեղծ լինելիւ մասին:
Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյան»։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, որոշում կայացրեց երկու ամսով կալանավորել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին։ Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:
Ավելի վաղ պաշտպանը պարզաբանել էր.
«Ծանոթացել ենք ողջ նյութերին, անգամ հիմնավոր կասկածի մակարդակում չկա այնպիսի փաստական տվյալ, նաեւ հավաստիության եւ արժանահավատության տեսանկյունից, որը կվկայեր այն մասին, որ Առուշանյանը առնչություն ունի իրեն վերագրվող հանցավոր արարքների կատարման հետ: Վստահեցնում եմ ձեզ, բոլոր այն ցուցմունքները, որոնք ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնի կողմից, որեւէ կերպ խոսք չի ունեցել, որ պիտի գնան «Հայաստան» դաշինքին օրինակի համար ընտրեն, կամ այն օգնությունները, որը տրամադրվել է, քաղաքապետարանն է տրամադրել, ուղղված են հենց «Հայաստան» դաշինքին ընտրելու համար: Չկան նման ցուցմունքներ»,- ասաց նա:
Առուշանյանն ինքն այս ամենը որակել էր դիմակավորված անձնաց անիմաստ շոու և հավելել. «Դիմակավորված անձանց շոու է, ինչ-որ մանկապարտեզ, անիմաստ իրավիճակ։ Ժամանակն էլ ցույց կտա, թե ինչ խնդիրներ կառաջանան Սյունիքում, և մենք ինչպես կպայքարենք այդ խնդիրների դեմ՝ այնտեղ ներկա գտնվելով»,- նշեց Առուշ Առուշանյանը: