կարևոր
856 դիտում, 3 ամիս առաջ - 2021-07-17 21:25

Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց հունիսի 20-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը

Սահմանադրական դատարանն անփոփոխ թողեց հունիսի 20-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ որոշումը

Սահմանադրական դատարանը հրապարակեց  4 քաղաքական ուժի ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշումը: Բարձր դատարանը մերժեց բողոքը, անփոփոխ թողեց հունիսի 20-ի ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ ընդունած «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» թիվ 184-Ա որոշումը:

Այսօր հրապարակվեց Սահմանադրական դատարանի եզրափակիչ մասը միայն: Որոշման ամբողջական տեքստը, օրենքով սահմանված եռօրյա ժամկետում, կհրապարակվի ՍԴ-ի կայքում և կառաքվի կողմերին։

Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունները դիմել էին Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել հունիսի 20-ին կայացած Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները կամ ընտրությունների 2-րդ փուլ նշանակել:

ՀՀ Սահմանադրական դատարանը գործը քննել է հուլիսի 9-ից մինչև հուլիսի 14-ը ներառյալ, այնուհետև հեռացել էր խորհրդակցական սենյակ։ Այսօր որոշման հրապարակման՝ օրենքով սահմանված վերջին օրն էր։

Հիշեցնենք՝ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել են 21 կուսակցություն և 4 դաշինք, անցողիկ շեմը հաղթահարել են միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։ Խորհրդարան կմտնի նաև շեմը չհաղթահարած «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 3-րդ ուժը։

Ազգային Ժողովում «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա 71,  «Հայաստան» դաշինքը՝ 29 «Պատիվ ունեմ» դաշինքը` 7 մանդատ: Այս մասին  հայտարարել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։