Շարունակվում են Սյունիքի համայնքապետերի ձերբակալություններն ու կալանավորումները։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը կալանավորվել է 2 ամսով:
Գորիսի համայնքապետին հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել 2 եւ ավելի անձի կաշառք տալու հատկանիշներով: Ըստ ՀՔԾ-ի հաղորդագրության՝ Առուշանյանը Քարահունջի համայնքապետին առաջարկել է ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն քաղաքացիներին, որոնք կքվեարկեն «Հայաստան» դաշինքի օգտին: Առուշանյանը, սակայն, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Այսօր Առուշանյանին առաջադրված մեղադրանքը միակը չէ: Մեկ այլ դատարանում քննվում է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը: ԿԸՀ-ն բավարարել էր նրան անձեռնմխելիությունից զրկելու եւ կալանավորելու դատախազության միջնորդությունները, ինչից հետո Սիսիանի համայնքապետին ձերբակալել էին:
Եթե դատարանն այս միջնորդությունն էլ բավարարի, ապա Արթուր Սարգսյանը կլինի 6-րդ կալանավորված համայնքապետը: Այսպիսով ամբողջանում է Սյունիքի խոշոր համայնքների ղեկավարների ցանկը, որոնք ենթարկվում են քրեական հետապնդման:
Կալանավորված են Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Որոտանի եւ Քարահունջի վարչական ղեկավարներ՝ Լուսինե Ավետյանն եւ Սուրեն Օհանջանյանը:
Մանրամասնում է՝ Ալինա Սիմոնյանը։